Գագիկ Ծառուկյանը շնորհավորելու է Սերժ Սարգսյանին. մամուլ
«Շնորհավորում եմ բոլորիս լավագույն ընտրությունների անցկացման համար, ինչի ապացույցն են նաև միջազգային հանրության արձագանքը և շնորհավորանքները, որ մենք ստանում ենք»,- ԱԱԽ նիստի «բացումը» նախորդ օրն այսպես է սկսել Սերժ Սարգսյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Մոտ մեկ ժամ տևած նիստի միակ հարցը եղել են ընտրությունները, որևէ այլ՝ հետընտրական, կադրային հարց չի քննարկվել: Բոլոր զեկուցողները՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Աղվան Հովսեփյան, Վլադիմիր Գասպարյան, Արման Մկրտումյան, անդրադարձել են ընտրությունների օրն ստացված բողոքներին, բոլորն էլ սլայդներով փորձել են ապացուցել, որ ստացված 127 բողոքների հետևում իրավական ապացույցներ չկան, որպեսզի իրենք «կառչեն» և գործեր հարուցեն. Վովա Գասպարյանը նույնիսկ «ֆիլմ» է ցուցադրել, թե ինչպես են իրենք գնացել «Ժառանգության» գրասենյակներ, հանդիպել բողոքող մարդկանց, խնդրել հիմքեր «տալ», որպեսզի իրենք գնան դրանց հետևից, չեն «տվել»: Որոշ գնահատականներով, ԱԱԽ նիստը նպատակ է ունեցել թիմին ցույց տալ, որ ընտրությունների էջը փակված է:
Նիստին արդեն որերորդ անգամ չի մասնակցել ԲՀԿ առաջնորդը, նա պետք է Հայաստանում լիներ մեկ օր առաջ, սակայն հետաձգել է վերադարձը, եկել է նախորդ գիշեր. ԲՀԿ քաղաքական թևից որևէ մեկը նրան չի դիմավորել, միայն գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Անկախ ամեն ինչից, Գագիկ Ծառուկյանը շնորհավորելու է Սերժ Սարգսյանին՝ տեղեկացրին մեր աղբյուրները: