Աֆրիկայի երկրների ղեկավարները Կիև և Մոսկվա այցից առաջ ժամանել են Լեհաստան
Աֆրիկայի երկրների պատվիրակությունը, որն ստեղծվել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնության քննարկման համար, ժամանել է Լեհաստան: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, պատվիրակությունն այսօր կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Դուդան նախագահական պալատում կհանդիպի Կոմորյան Կղզիների Միության, Զամբիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահների հետ։
Մայիսի 16-ին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորում որոնելու նպատակով։
Ռամաֆոսան հանդես է եկել աֆրիկյան վեց երկրների խմբի՝ Եգիպտոսի, Զամբիայի, Կոնգոյի Հանրապետության, Սենեգալի, Ուգանդայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից: Ավելի ուշ այդ ցանկում ավելացել է Աֆրիկյան միության գործող նախագահը՝ Կոմորյան Կղզիները։
Հունիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների մոտալուտ ժամանումը Ռուսաստան և հայտարարել նրանց հետ նաև հացահատիկային գործարքի քննարկման պլանների մասին:
Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կընդունի աֆրիկյան երկրների պատվիրակությունը՝ Ուկրաինայում խաղաղության նրանց նախաձեռնության քննարկման համար, իսկ մինչ այդ՝ հունիսի 16-ին, աֆրիկյան պատվիրակությունը կլինի Կիևում: