Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան ռազմական արբանյակ կարձակի հունիսին՝ ԱՄՆ-ին զսպելու նպատակով

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է, որ իր պատմության մեջ առաջին հետախուզական ռազմական արբանյակի արձակումը տեղի կունենա հունիսին, իսկ ապարատի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի փոխնախագահ Լի Բյոն Չհոլի տարածած հայտարարության մեջ։

«Մեր ռազմական հետախուզական №1 արբանյակը, որի արձակումը նախատեսվում է հունիսին, և նոր հետախուզական միջոցները, որոնց փորձարկումները ծրագրված են, անհրաժեշտ են իրական ժամանակի ռեժիմով Միացյալ Նահանգների և նրա կամակատարների վտանգավոր ռազմական գործողությունների հսկման, դիտարկման և վերլուծության, նախնական զսպման և հակազդման համար», – մեջբերում է նրա խոսքը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Ինչպես նշում է Լի Բյոն Չհոլը, «ներկայիս իրավիճակում, որն առաջացել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի անխոհեմ գործողությունների հետևանքով, ԿԺԴՀ-ն մշտապես զգում է հետախուզական միջոցների զինանոցի ընդլայնման, տարբեր պաշտպանական և հարվածային սպառազինությունների նորացման կարիքը»:

Մայիսի 29-ին Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան մտադիր է մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում արձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Փհենյանը համապատասխան ծանուցում էր ուղարկել։

Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններից պահանջել են հրաժարվել հետախուզական արբանյակի արձակման պլաններից:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում նախազգուշացրել են, որ կձեռնարկեն ԿԺԴՀ-ի արբանյակը տանող բալիստիկ հրթիռի և դրա բեկորների ոչնչացման միջոցներ՝ Ճապոնիայի տարածքում դրանց ընկնելու սպառնալիքի դեպքում։ Այդ նպատակով Patriot PAC-3 համալիրներ են տեղակայվել Յոնագունի, Իշիգակի և Միյակո կղզիներում:

Ապրիլի 19-ին ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է սկսել առաջին հետախուզական արբանյակի արձակման նախապատրաստությունը, որը պետք է մեծացնի Փհենյանի տվյալների հավաքման հնարավորությունները։ Մեկ շաբաթ առաջ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ առաջին անգամ արձակել է պինդ վառելիքով իր «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

Պինդ վառելիքի օգտագործումը, հեղուկ վառելիքով շարժիչների համեմատությամբ, թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել արձակման նախապատրաստման ժամանակը, հրթիռները պահել կիրառման համար պատրաստի վիճակում և դրանք օգտագործել որպես հեռահար պատասխան հարված հասցնելու միջոց: Հյուսիսային Կորեան մտադիր է պինդ վառելիքով շարժիչներն օգտագործել իր տիեզերական ծրագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս