Բաժիններ՝

«Մի անգամ երազիս Ազնավուրին տեսա՝ մահվանից հետո, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց…». Ներսես Մարկոսյան

Մայիսի 22-ին՝ մեծ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս, գրող Շառլ Ազնավուրը կդառնար 99 տարեկան։ Մեծանուն հայի ծննդյան օրը նշանավորվեց ազնավուրյան գեղեցիկ  համերգով, որը տեղի ունեցավ Երևանի պետական կամերային թատրոնում։ Թատրոնի դերասան Ներսես Մարկոսյանը որոշել էր ընկերներին, հարազատներին ու թատրոնի անձնակազմին հավաքել  մեկ տանիքի տակ՝ թատրոնի պատկերասրահում:  Այս օրը թատրոնում որևէ այլ ներկայացում նախատեսված չէր,  ամբողջ  երեկոն նվիրված էր Ազնավուրին, նրա երգերին, որ հնչում էին Ներսես Մարկոսյանի կատարմամբ։

Համերգից առաջ 168.am հետ զրույցում Ներսես Մարկոսյանն ասաց, որ վաղուց է ցանկացել փոքր համերգ նախաձեռնել, բայց որոշումը կայացրել է հապճեպ՝ Ազնավուրի  ծննդյան օրից ընդամենը երկու օր առաջ։ Համերգն էլ վերնագրել էր. «Ազնավուրը մեծ սեր է»։

«Սա իմ խղճի թելադրանքն էր։ Մի անգամ երազիս Ազնավուրին տեսա՝ մահվանից հետո, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց՝ սովորիր, սովորիր, սովորիր, դա իր կարգախոսն էր, որը, ի դեպ,  Էդիթ Պիաֆից էր սովորել, մի խոսքով՝ լավ խորհուրդներ տվեց, ու խիղճս տանջում էր՝ պետք է անեի նման համերգ։

Հրավիրել եմ հյուրերի նեղ շրջանակի, որոնք պետք է վայելեն երեկոն։ Ազնավուրին երբեք անձնապես չեմ հանդիպել»,- նշեց Ներսես Մարկոսյանը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ՝ Շառլ Ազնավուրը, նրա ձայնային տեմբրն իրեն շատ հոգեհարազատ է։ Կատակում է՝ ինքն էլ է բարիտոն, այսինքն՝ արդեն բարիտոն է դարձել, նախկինում տենոր էր։

«Ֆրանսերենը շատ սիրեցի, երբ «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլում էի խաղում։ Սիրահարվեցի Փարիզին ու դրանից հետո արդեն բացահայտեցի Ազնավուրին, նրա երգերն ուսումնասիրեցի։

Ազնավուրն ինձ համար մի ամբողջ աշխարհ է, տիեզերք ու մեծ սեր է, դրա համար էլ այսօր համերգը կոչվում է՝ «Շառլ Ազնավուրը մեծ սեր է»։ Ինձ առաջարկեցին, որ Ազնավուրի երգերը հայերենով կատարեմ, բայց ցանկացա, որ ֆրենսերենով հնչի, որովհետև Ազնավուրը հիմնականում ֆրանսերեն էր երգում՝ իր հարազատ լեզվով, չնայած նա ասում էր, որ 100 տոկոսով ֆրանսիացի է և 100 տոկոս հայ»,- հավելեց դերասանը։

Ներսես Մարկոսյանը համերգի համար առանձնացրել էր Ազնավուրի երգերից 11-ը, թեպետ խոստովանեց, որ  բոլոր երգերն էլ սիրում է, այնուամենայնիվ,  իր համար առաջին տեղում մնում է «Լա Բոհեմը»։

Ներսես Մարկոսյանը չբացառեց, որ մի օր Ազնավուրին նվիրված համերգ-ներկայացում կնախաձեռնի, թերևս, այս փոքր համերգն էլ հենց  նախաբանն է։

«Մեծ գաղափար ու նպատակներ կան, որ արդեն մեծ բեմում, բեմականացված, այլ արտիստների հետ ներկայացնենք Ազնավուրի արվեստը։

Կարծում եմ՝ եթե Ազնավուրը ծնվեր Հայաստանում՝ նույնը  չէր լինի, որովհետև իմ անձնական կարծիքով՝ Էդիթ Պիաֆին հանդիպելուց հետո Ազնավուրի կյանքը փոխվեց, իսկապես նա Պիաֆից շատ բան սովորեց։

Ունենք նպատակներ՝ նաև հանդես գալ Ֆրանսիայում՝ արդեն մի փոքր բեմականացված ձևով, արդեն կան մարդիկ, որոնք հետաքրքրված են Փարիզում համերգ կազմակերպել, տեսնենք»,- իր երազանքը փոխանցեց դերասանը։

Տեսանյութեր

Լրահոս