Դայակի դերը` ՀՀԿ հանրահավաքում
2008 թվականի փետրվարի վերջին օրն էր: ՀՀԿ առաջնորդ, նախագահի ընտրություններում հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը, որպես հաղթած թեկնածու, մեծ հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում (այս հրապարակն անհամեմատ մեծ է Ազատության հրապարակից, և, քանի որ հանրահավաքին մասնակցել ցանկացողները չափազանց շատ էին, ստիպված կազմակերպիչները զբաղեցրել էին Հանրապետության հրապարակը): Առավոտյան փոքրիկիս տարա մանկապարտեզ: Ոչ ոք չկար: Դաստիարակն ասաց, որ բոլոր երեխաներին ստիպված են տուն ուղարկել, քանի որ ողջ կազմով` դաստիարակներն ու դայակները, պարտավոր են ներկայանալ հանրահավաքի: «Բոլորիս ստիպել են գնալ հանրահավաքի: Անպատճառ պիտի գնանք, որ վարիչի վրա խոսակցություն չգա»: Հիշում եմ, այն ժամանակ անմիջապես , որպես լրագրող, զանգահարեցի Էդուարդ Շարմազանովին, հարցրեցի` «Ինչո՞ւ եք մանկապարտեզի դաստիարակներին ստիպում գնալ հանրահավաքի»: «Նման բան չկա, հերյուրանք է»,- այն ժամանակ պատասխանեց նա:
Չերկարացնեմ: Երեխայիս թողեցի մանկապարտեզում, ասացի, որ ժամը 16:00-ին կգամ նրան տուն տանելու: Դայակի հետ ստիպված էր մնալ նաև խոհարարը: Երբ գնացի մանկապարտեզ, երկուսն էլ շնորհակալություն հայտնեցին, քանի որ հանրահավաքի չգնալու ալիբի ունեին: Այդ օրը դաս չկար մայրաքաղաքի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում, հանրահավաքի էին ուղևորվել նաև պոլիկլինիկաների բժիշկները, քաղծառայողները: Ցածր դասարանի աշակերտներին ուղարկել էին տուն, բարձր դասարանցիներին, ուսուցիչներին, ուսանողներին ու դասախոսական կազմին` հրապարակ: Պետական բոլոր հիմնարկները, ուսումնական հաստատությունները փակ էին: Համազգային գործադուլ չէր, ոչ էլ դասադուլ:
ՀՀԿ-ի հանրահավաքն էր: