Կանգնեցրե՛ք ձեր առաջնորդին, որը հայտարարում է, որ գնում է Արցախը դավաճանելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան
Այսօր ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հստակ խոստովանությունը՝ Արցախի հանձնման վերաբերյալ, Հայաստանում ու Արցախում նոր իրավիճակ է ստեղծել։
«Մի կողմից՝ այս մասին նա այլ փաթեթավորմամբ բազմիցս է խոսել, սակայն այս հայտարարությունը կարծես թե պատասխան էր բոլոր այն անձանց, ովքեր մինչև հիմա կասկածում էին կամ չէին ուզում հավատալ, որ Փաշինյանի բանակցությունների հիմքում հենց Արցախն ադրբեջանականացման տանելու գաղափարն է։ Մյուս կողմից՝ թվում է, թե այս մասին ամեն ինչ ասվել է՝ պատճառահետևանքային կապից մինչև դրա ծանր հետևանքներ։ Սակայն հարցին այլ դիտանկյունից անդրադառնալու անհրաժեշտություն կա։
Երբ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին, իշխանական պատգամավորներից ոմանք ջանասիրաբար ձայնակցում էին, թե Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում։ Ոմանք էլ համոզում էին, որ իրենց ղեկավարի հայտարարությունների հիմքում Հայաստանի ու Արցախի բնակավայրերի հանձնումը չէ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ ավելի վաղ էլ ընդգծում էր, որ այլևս չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, իրավիճակն այլ բնույթ է ստանում։
«Իշխանական թիմից ցանկացած ներկայացուցիչ՝ պատգամավոր, նախարար և այլք, պետք է հստակ ընտրություն կատարեն, մեկ բան է՝ քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնել, մեկ այլ բան՝ անհատապես գիտակցել, որ պատմության մեջ ես մտնում եմ՝ որպես անձ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը։ Կարևոր չէ, թե ով ինչպես, այս ամբիոնից ինչ ջանասիրությամբ կպաշտպանի իշխանությանը, սակայն պետք է գիտակցեք, որ դուք և ձեզանից ոմանք ընտրություն կատարելու հնարավորություն ունեք։ Պատմությունը սրբագրելու և հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու։ Կանգնեք ու կանգնեցրեք ձեր այն առաջնորդին, ով մի քանի տարի առաջ ձեզ, հասարակությանը և բոլորին համոզում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում