Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումը Վրաստանում հակամարտության կհանգեցնի. Վրաստանի խորհրդարանի նախագահ

Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ երկկողմ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարություններն իրականում նշանակում են ուղղակի ռազմական առճակատման մեջ մտնելու կոչ, որը չի բխում վրաց ժողովրդի շահերից: Նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Նախօրյակին Եվրամիությունը կոչ էր արել Վրաստանին՝ որպես Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի հավակնորդ, միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի ու մյուս երկրների պատժամիջոցներին և ուշադիր լինել պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձի նկատմամբ։

«Հիմնական սկզբունքները երկուսն են. Վրաստանն ապահովում է, որ մեր տարածքը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար, և Վրաստանը երկկողմ պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի որ դա կարող է առաջացնել իրավիճակի էսկալացիա, իսկ էսկալացիայի վերջում կարող է առաջանալ ուղղակի ռազմական հակամարտություն, որը չի բխում Վրաստանի ժողովրդի շահերից», – հայտարարել է Պապուաշվիլին։

Նա վտանգավոր է անվանել ՌԴ-ի դեմ երկկողմ պատժամիջոցների սահմանումը:

«Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Վրաստանը պետք է երկկողմ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, իրականում ասում են, որ Վրաստանը պետք է վտանգի ենթարկվի՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման մեջ մտնելով», – լրագրողներին հայտարարել է Պապուաշվիլին։

Ինչպես պարզաբանել է խորհրդարանի նախագահը, այցագրային ռեժիմի չեղարկմամբ և երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնմամբ Ռուսաստանը հանել է պատժամիջոցները, որոնք օգտագործում էր Վրաստանի քաղաքացիներին պատժելու համար։

«Ինչպե՞ս կարելի է խուճապ բարձրացնել, դրա հետ կապված սկանդալներ սարքել… Ընդհակառակը, պետք է հանվեն բոլոր այն պատժամիջոցները, որոնք գործում են Վրաստանի դեմ, քանի որ Վրաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցներն անարդարացի են, և կարևոր է, որպեսզի այդ պատժամիջոցները շուտափույթ չեղարկվեն», – ասել է Պապուաշվիլին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 10-ի հրամանագրով հանվել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը և չեղարկվել է տուրօպերատորներին ու տուրիստական ​​գործակալներին Վրաստան տուրեր վաճառելուց զերծ մնալու հանձնարարականը։ Նաև մայիսի 15-ից Ռուսաստանը վերացնում է այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստան կկարողանան թռիչքներ կատարել միայն այն ավիաընկերությունները, որոնք չեն հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս