Բաժիններ՝

Դատարանը գրավի դիմաց երկու շաբաթով ազատ է արձակել Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը գրավի դիմաց երկու շաբաթով ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Իսլամաբադի Բարձր դատարանը որոշում է կայացրել հետաձգել նրա ձերբակալությունը: Այս որոշումից առաջ Խանի աջակիցները մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացրել:

Դատարանի որոշումն Իմրան Խանին երկու շաբաթով պաշտպանում է ձերբակալությունից նրա դեմ հարուցված մի քանի կոռուպցիոն մեղադրանքներից մեկով: Որոշումից հետո Խանը մնացել է դատարանում, քանի որ նրա փաստաբանները հայց են ներկայացրել, որպեսզի նման պաշտպանություն ապահովվի նաև մյուս կոռուպցիոն մեղադրանքների մասով:

Ըստ Associted Press-ի՝ դատարանի որոշումից հետո Պակիստանի կառավարությունը հայտնել է, որ Խանին դարձյալ կալանավորելու միջոց կգտնի: Կառավարության պնդմամբ՝ Խանի ազատ արձակումը պարգևատրում և խրախուսում է ցուցարարների անկարգությունները: Իմրան Խանի ձերբակալության դեմ բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով, որոնց հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, տասնյակ ցուցարարներ և ավելի քան 200 ոստիկաններ վիրավորվել են:

Պակիստանի նախկին վարչապետին ձերբակալել էին մայիսի 9-ին՝ դատարանի դահլիճում, երբ նա մասնակցում էր այլ մեղադրանքներով դատական լսման:

Մայիսի 11-ին Պակիստանի Գերագույն դատարանն այս ձերբակալությունն անօրինական էր ճանաչել և Իսլամաբադի Բարձր դատարանին խնդրել էր վերանայել ձերբակալությունն ուժի մեջ թողնելու նախնական որոշումը:

Խանը, որը մինչև քաղաքական գործիչ դառնալը կրիկետի աստղ էր, պաշտոնից ազատվել էր անցյալ տարի, երբ խորհրդարանում նրան անվստահության քվե էին հայտնել: Այժմ նա գլխավորում է ընդդիմությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս