Չինաստանի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան
Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ին կսկսի իր շրջագայությունն Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Վան Վենբինը նշել է, որ Լի Հուեյի այցը նշված երկրներ խաղաղությանն ու բանակցություններին աջակցելու Չինաստանի հանձնառության ևս մեկ դրսևորում է։ Դիվանագետի խոսքով՝ դա լիովին ցույց է տալիս, որ Չինաստանը «հաստատորեն կանգնած է աշխարհի կողքին»։
Դիվանագետն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի ձգձգման և սաստկացման ֆոնին Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի շուրջ միջազգային կոնսենսուսի հասնելու, խաղաղ բանակցություններ սկսելու և իրավիճակի հետագա սրումը կանխելու գործում։
Ապրիլի վերջին կայացել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Վերջինս հայտարարել էր, որ զրույցը երկար ու բովանդակալից էր, ինչպես նաև հայտնել էր Չինաստանում Ուկրաինայի դեսպան նշանակելու մասին։
Զրույցի ընթացքում ՉԺՀ-ի ղեկավարը հայտարարել էր, որ Չինաստանը Եվրասիայի երկրների հարցերով կառավարության հատուկ ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա և այլ երկրներ՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցերի շուրջ հանգամանորեն մտքեր փոխանակելու համար։