Արտակ Սարգսյանի որդիները Երևանում առևտրի կենտրոն կկառուցեն. Hetq.am
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, խոշոր գործարար Արտակ Սարգսյանի որդիները Երևանում բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոն կկառուցեն։
«Հետքը» պարզել է, որ գործարարի որդիները հողատարածք են ձեռք բերել Նոր Նորք վարչական շրջանում՝ «Ջրաշխարհ» ժամանցի վայրի հարևանությամբ։
Մյասնիկյան պողոտայում գտնվող 7323 քառակուսի մետր (0.7 հա) հողատարածքի սեփականատերերն են Արտակ Սարգսյանի որդիները՝ Դավիթ, Տիգրան, Սամվել Սարգսյանները և «Լուիզաս» ՍՊԸ-ն։ Նշված ընկերության 100 % բաժնետոմսերը պատկանում են գործարարի որդիներից Տիգրան Սարգսյանին, որը Վանուատուի Հանրապետության քաղաքացի է։ 243 հազար բնակիչ ունեցող Վանուատուն խաղաղօվկիանոսյան պետություն է։
Երևանի քաղաքապետարանը Սարգսյաններին տվել է առևտրի կենտրոնի նախագծման թույլտվություն, որից հետո կառուցապատողները նախագիծ են կազմել, որը դեռ պետք է փորձաքննության ենթարկվի։
Ըստ նախագծման հայտի՝ կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրում նախատեսվում են սուպերմարկետ, ֆուդ կորտ և օժանդակ շինություններ: Մինչև 3 վերգետնյա հարկերով նախագծվող համալիրում ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ կլինեն։
50-ամյա գործարար Արտակ Սարգսյանը 1997 թ․-ին հիմնադրել է «ՍԱՍ-Գրուպ» ընկերությունը, իսկ 2004 թ․-ից գործարարությունը համատեղել է քաղաքականության հետ։ Եղել է Ազգային ժողովի «Օրինաց երկիր» և «Հանրապետական» խմբակցությունների պատգամավոր, ՀՀԿ անդամ։ 2018 թ․-ին Արտակ Սարգսյանը ՀՀԿ-ն առաջինը լքած գործիչներից մեկն է եղել։ 2018 թ․-ի քաղաքական փոփոխություններից հետո Արտակ Սարգսյանի բիզնես գործունեությունը ընդլայնվեց։ Գործարարը հասցրեց Երևանի Հալաբյան փողոցում առևտրի և սննդի նոր կենտրոնի կառուցումն ավարտել, ավարտին է մոտենում նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում կառուցվող սննդի կետի շինարարությունը, ներկայում վերակառուցում է Արշակունյաց պողոտայում գտնվող բազմաֆունկցիոնալ համալիրը։