Բաժիններ՝

ԱՄՆ-ի դատախազությունը կարող է մեղադրանք առաջադրել Բայդենի որդուն

ԱՄՆ-ի Դելավերի նահանգի դատախազ Դևիդ Վայսը կարող է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին մեղադրանք առաջադրելու որոշում կայացնել: Այս մասին հաղորդում է Fox News պարբերականը:

«Դաշնային դատախազությունում, ըստ տեղեկությունների, կարող են շուտով որոշում կայացնել՝ արդյոք մեղադրանք առաջադրել նախագահ Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին, չորս տարի տևած հետաքննության շրջանակներում, որը կապված է հարկերին և զենքին վերաբերող օրինախախտումների հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «որոշում ընդունելու ստույգ ժամկետները դեռ հայտնի չեն»։

Fox News-ի տեղեկատվությամբ՝ անցյալ շաբաթ Բայդենի որդու փաստաբանները հանդիպել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարության աշխատակիցների հետ։

2020 թ.-ին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված փաստաբան Վայսը հետաքննություն է անցկացնում` կապված Հանթեր Բայդենի հարկերի հետ։ Դատախազներն ուսումնասիրում են բազմաթիվ ֆինանսական հարցեր, այդ թվում այն հարցը, թե արդյոք Հանթեր Բայդենը և նրա ենթադրյալ համախոհները խախտել են հարկային օրենքները և փողերի լվացման մասին օրենքները օտարերկրյա գործընկերների, հիմնականում՝ Չինաստանի հետ գործառնությունների ժամանակ: Բայդեն կրտսերը կասկածվում է նաև զենք գնելու հետ կապված կեղծ ցուցմունքներ տալու մեջ։

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հետաքննության շրջանակներում տեղեկատվություն է խնդրել՝ կապված ուկրաինական Burisma ընկերությունում Հանթեր Բայդենի աշխատանքի հետ այն ​​ժամանակ, երբ Ջո Բայդենը Բարաք Օբամայի վարչակազմում ԱՄՆ-ի փոխնախագահն էր:

Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Հանթերն անօրինական ոչինչ չի արել, և հայտարարել է, որ հետաքննությունն ուղղված է առաջին հերթին հենց իր դեմ։

Թրամփը քանիցս կոչ է արել պարզել, թե ինչպես է կրտսեր Բայդենն ստացել Burisma-ում վարչության անդամի բարձր պաշտոնը։ Բացի այդ, Թրամփը Ջո Բայդենին մեղադրում է իր պաշտոնական դիրքը որդու բիզնեսին օգնելու համար օգտագործելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս