ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում գրավել է Պանամայի դրոշով նավարկող նավթատար լցանավը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն այսօր գրավել են Պանամայի դրոշով նավարկող նավթատար լցանավը, որն անցնում էր Հորմուզի նեղուցով։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության վիզուալ տեղեկատվության տարածման ծառայության կայքում։
«Մայիսի 3-ին՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 06:20-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցն անցնելիս գրավել են Պանամայի դրոշի ներքո ընթացող Niovi նավթատար լցանավը», – ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ լցանավը դուրս էր եկել Դուբայից և մեկնում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի նավահանգիստ: Ըստ հաղորդագրության՝ նեղուցում լցանավին են մոտեցել ԻՀՊԿ-ի շուրջ 10 նավեր և ստիպել են փոխել ուղղությունն ու ուղևորվել դեպի Իրանի տարածքային ջրեր:
ԻՀՊԿ-ի կողմից լցանավը գրավելու մասին հաղորդել է նաև իրանական Tasnim գործակալությունը: Նշվում է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը գրավել են նավթատար լցանավը, քանի որ այն խախտել է կանոնները:
Եվս մեկ նման միջադեպ է տեղի ունեցել անցյալ շաբաթ, երբ Իրանի ռազմածովային ուժերը գրավել են Մարշալյան կղզիների դրոշի տակ նավարկող լցանավը: Tasnim-ի տեղեկացմամբ՝ նավին հրահանգվել է ուղևորվել դեպի Իրանի տարածքային ջրեր այն բանից հետո, երբ այն հարվածել է իրանական նավին և փորձել փախչել՝ խախտելով նավարկության կանոնները: