Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրել է, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր արժեքներին։
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկների հարաբերությունները հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտությամբ արձանագրել է, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայեր հանգրվանելով Արգենտինայում` կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը, և իբրև արժանավայել քաղաքացիեր իրենց կարևոր ներդրումը բերեցին երկրի կյանքի առաջնթացին՝ վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանությունների սերն ու հարգանքը։
Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանում առակա իրավիճակին՝ արգենտինացիներին տեղեկություններ փոխանցելով ղարաբաղյան հակամարտության սկբնավորման, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումնաիտար ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման փաստերի վերաբերյալ։
Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են միջեկեղեցական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի կողմից ձեռնարկված քայլերին։