«Ինչ է կատարվում ռեգիոնում վերջին 3-4 տարիների ընթացքում»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր աշխարաքաղաքական փասիանսի պարագայում, երբ նախկին բևեռները պայքարում են գրեթե բոլոր ուղղություններով՝  այդ թվում հարավային Կովկասի համար, Հայաստան չունի և չի ունենալու «փրկիչներ»… Հայաստանը կարող է ունենալ միայն բնական դաշնակիցներ: Եթե փորձենք հպանցիկ վերլուծել, թե ինչ է կատարվում ռեգիոնում վերջին 3-4 տարիների ընթացքում, ապա կարող ենք արձանագրել մի քանի փաստեր

1. Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը պարտվեց Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադր//ջանին:

2. Ռուսաստանը հայտարարում է, որ և Հայաստանը, և Ադր//ջանը նրա դաշնակիցներն են, այսինքն միջնորդից ավելին ոչինչ չի անելու

3. Արևմուտքի համար հայկական «դեմոքրասին» շատ թանկ է, բայց ադր//ջանական էներգակիրներն ավելի թանկ են, հետևաբար հավաքական Արևմուտքը, ինչպես և Ռուսաստանը, միջնորդական առաքելությունից բացի, որն իրենց պարագայում համեմված է նաև գեղեցիկ խոսքերով և կոչերով, ոչինչ չի անելու:

4. Իսրայելն ու Ադր//ջանը այնքան են խորացրել համագործակցությունը, որ դարձել են ռազմավարական գործընկերներ ընդդեմ Իրանի:

5. Իրանը հայտարարում է, որ իր համար կան կարմիր գծեր և որևէ սահմանային փոփոխություն ռեգիոնում չի հանդուրժի (ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն Իրանը մի քանի անգամ առաջարկել է Հայաստանին կնքել ռազմա-քաղաքական պայմանագիր, որը Հայաստանի իշխանությունները մերժել են)

6. Չինաստանը Երևանում (Երևանյան լճի հարևանությամբ) կառուցել է ԱՄՆ դեսպանատնից մեծ (որն, ի դեպ, ևս գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ) դեսպանատուն: Թե ինչու է աշխարհաքաղաքական երկու բևեռներին պետք նման հզորության դեսպանատներ Հայաստանի նման երկրում հայտնի է միայն Աստծում և այդ գերտերությունների հատուկ ծառայություններին:

7. Չինաստանը Հայաստանի տնտեսական երկրորդ գործընկերն է (Ռուսաստանից հետո): Այս փաստը մոտ մեկ ամիս առաջ իր հոդվածում հատուկ ընդգծել էր ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը:

8. Չինաստանը ունի խնդիր ԱՄՆ հետ(Թայվանի մասով… և ոչ միայն) և Թուրքիայի հետ (ույգուրների, Միջին Ասիայում ազդեցության մասով… և ոչ միայն), Հնդկաստանն ունի պատմական հակամարտություն Պակիստանի հետ, որն իր հերթին Թուրքիայի և Ադր//ջանի բարեկամն է: Իրանն ունի թշնամություն Իսրայելի հետ, որն իր հերթին Ադր//ջանի բարեկամն է:

9. Իրանն ու Սաուդյան Արավիան, երկարատև թշնամանքից հետո, կնքեցին պայմանագիր (օդում կախված լուրերի համաձայն Չինաստանի քավորությամբ), ինչը հանգեցրեց իսլամական աշխարհի՝ շիա և սուննի հատվածների մերձեցման:

10. Երկու օր առաջ ամերիկացիները հրապարակեցին մայիսի 14-ին Թուրքւայում կայանալիք նախագահական ընտրությունների սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանից առաջ է 7%-ով:

Եթե համադրեք այս 10 փաստերը կհասկանաք, որ ինչպես ասում էր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսը.«Մենք Բրյուս Լիի պոչը պետք է բռնենք… Բրյուս Լիի»… ոչ թե նրա համար, որ Կոնֆուցիոսը փրկիչ է, այլ մի պարզ պատճառով՝
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ԱՅԴ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԵՏ»։

Տեսանյութեր

Լրահոս