Կոռնիձորով Արցախ տանող նոր ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջին
Հայաստանից դեպի Արցախ տանող նոր` Տեղ-Կոռնիձոր ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին:
Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման շրջանակում:
«Ինչ վերաբերում է Կոռնիձորի ճանապարհին՝ կար որոշակի պայմանավորվածություն՝ ապրիլի 1-ից երթևեկությունը տեղափոխել նոր ճանապարհով: Մենք այդ գրաֆիկով գնացել ենք հետևյալ կերպ՝ ճանապարհը երթևեկելի դարձնել ապրիլի 1-ի դրությամբ, ինչը կարողացանք իրականացնել մեր շինարարների միջոցով, բայց ոչ ամբողջովին պատրաստ: Ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջին: Եռաշերտ ասֆալտ է նախատեսված», – ասաց նախարարը:
Ճանապարհին դեռ հենապատերի, ջրահեռացման համակարգերի և մի շարք այլ անելիքներ կան, որոնք, նախարարը կարծում է, որ մայիսի վերջ կավարտվեն, և ճանապարհը վերջնական պատրաստ կլինի: Հիմա այն երթևեկելի է: