Թուրքիա տանող ճանապարհները կնորոգվեն. Հայաստանին 4.25 միլիոն եվրո է տրվել
2019 թվականին Հայաստանի կառավարությունը դրամաշնորհային համաձայնագիր էր կնքել Եվրոպական ներդրումային բանկի հետ։
Ըստ այդ համաձայնագրի՝ Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանի Կառավարությանն է հատկացնելու 4.25 միլիոն եվրո՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման» ծրագրի իրականացման համար։
Ըստ ՀՀ Կառավարության ստանձնած պարտավորության՝ 4.25 մլն եվրոյով պետք է Հայաստանում նվազեցվեն ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարները, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները։
Պետք է իրականացվեն նաև ճանապարհային անվտանգությունն ապահովող այլ միջոցառումներ։
Դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են հետևյալ բաղադրիչներով.
Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,
Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհների վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ։
Մ-3, Հ-30, Հ-63 և Հ-69 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 5 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ
Մ-2, Մ-3, Մ-4, Մ-11, Մ-12, Մ-16, Հ-8, Հ-53 միջպետական ճանապարհների վրա նախանշված 23 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ
Մ-6, Մ-5 միջպետական և Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակների տեղադրում,
Նշենք, որ դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 21-ն է։