ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է. այս պահին ցանկացած հարցաքննություն օրենքից դուրս է
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, այսպես ասած, բավականին ակտիվ հարցաքննությունների կազմակերպման փուլում է: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում արդեն լսել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին, երկու անգամ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:
Ապրիլի 4-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստում հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
44-օրյա պատերազմի համատեքստում խորհրդարանի պատերի ներքո դեռ պիտի լսեն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին և այլոց:
Բայց այստեղ ժամկետի հետ կապված խնդիր կա:
Ապրիլի 4-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր. «Մեր ժամկետները լրանում են, մենք մեկ անգամ էլ կդիմենք երկարացնելու»:
Ավելին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրանում է այսօր, այն երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընդունած որոշմամբ:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է երկու անգամ՝ հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչև վեցական ամսով:
Քանի որ հանձնաժողովի քննիչ աշխատանքները մտել են վճռական փուլ, բայց դեռ բավականին մարդ կա, որոնց պետք է հրավիրել, նշանակում է՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետի երկարաձգման հարցն արդեն պետք է մտնի առաջիկա ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգ: Իսկ մինչ այդ ցանկացած հրավեր, ըստ էության, օրենքից դուրս է լինելու: Առանց այն էլ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում փորձագետ է աշխատում Արծրուն Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում որպես ՊՆ ներկայացուցիչ՝ պատասխանատու է եղել պատերազմական տեղեկատվության համար, եղել է ռազմական գործողությունների վայրերում:
Ի դեպ, չմոռանանք, որ 42 մլն դոլարի զենքի գործով անցած, կալանավորված, այնուհետև ազատ արձակված ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԷՊ զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանն ընդգրկվել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ և խորհրդատվական ծառայություններ էր մատուցել Փաշինյանի իշխանությանը: Եվ սա այն դեպքում, որ այդ հանձնաժողով հրավիրվել էր ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, իսկ Ավետիսյանը, երբ դեռ կալանավայրում էր, բաց նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին և ասել, որ այդ ժամանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում:
«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համարձակություն եմ ունեցել մասնագիտական հիմնավորված կարծիք հայտնելու և կասկածի տակ դնելու ՍՈւ-30 ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը ՀՀ ԶՈւ-ի համար։
Դրանից անմիջապես հետո ենթարկվել եմ հետապնդումների ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից, ինչն արտահայտվել է 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իմ գործունեության անդադար ու բազմակողմանի ստուգումներով ու փորձարկումներով, որի արդյունքում չի բացահայտվել գեթ մեկ էական թերություն կամ խախտում, որի հիման վրա հնարավոր կլիներ ինձ վարկաբեկել ու ինձանից ձերբազատվել: Դրան հետևեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի անօրինական ցուցումը ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահին, ում կողմից պատրաստված կեղծ նյութերի հիման վրա 2019 թվականի հունվարի 14-ին մեկ օրվա ընթացքում ՊՆ նախարարն անօրինական կերպով ինձ զորացրեց զինված ուժերից՝ «առողջական վիճակից ելնելով» ձևակերպմամբ։
Զինված ուժերից զորացրվելուց հետո ԱԺ Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրավերով 2019 թվականի մայիսին ընդունվել եմ աշխատանքի նշված հանձնաժողովում որպես համակարգող փորձագետ։ Հանձնաժողովի անդամ պատգամավորների քվեարկությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում միաձայն ընտրվել եմ որպես ռազմական փորձագետ և անցել գործի։ Հայտնում եմ, որ հիշյալ հանձնաժողովում միակ ռազմական փորձագետն եմ, և իմ գործունեության արդյունավետությամբ էր մեծապես պայմանավորված հիշյալ հանձնաժողովի աշխատանքների դրական ելքը:
Դրանից անմիջապես հետո ԶՈւ ղեկավարությունը պարբերաբար փորձեր է արել անօրինական ձևով ամեն կերպ խոչընդոտելու իմ գործունեությունը Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում՝ դրանով նպատակ հետապնդելով թույլ չտալ, որ ինձ հասու լինեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կարողանամ լիարժեք ուսումնասիրել Քառօրյայի նյութերը և բացահայտեմ այն բազմաթիվ հանցավոր կեղծիքներն ու բացթողումները, որոնք իրականացրել են նշված գեներալները, ու որոնց արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք»,- 2020 թվականի ապրիլի 3-ին, մասնավորապես, իր նամակում գրել էր Ավետիսյանը:
Հավելենք, որ 2020թ. հուլիսին գնդապետն արդեն ազատ արձակվեց:
Չի բացառվում, որ այսօր էլ իշխանություններն օգտվում են Ավետիսյանի խորհրդատվական ծառայություններից: Այս թեմային դեռ կանդրադառնանք: