«Ադրբեջանցիները հետ գնալու մտադրություն չունեն, պետք է պատրաստվել պատերազմի, ուրիշ տարբերակ չկա՛». ադրբեջանագետ

Թշնամի պետության ղեկավար Իլհամ Ալիևը նախօրեին Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մասիմ Մամեդովին: Հանդիպման ընթացքում Ալիևը հերթական անգամ հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ, հայտարարել, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերն այնտեղից դուրս գալու մտադրություն չունեն:

«Այսօր ադրբեջանահայկական սահմանի ուղղությամբ մենք շատ շահեկան դիրքեր ունենք, մենք ամրանում ենք այդ դիրքերում և մնալու ենք այդ դիրքերում:

Իհարկե, Լաչինի շրջանի անվտանգությունն ապահովելու համար արվում են նաև այլ քայլեր, ձեռնարկվում են անվտանգության միջոցներ, որոնք այնտեղ վերադարձող մեր հայրենակիցներին անվտանգ ապրելու հնարավորություն կտան»,- ասել է Բաքվի բռնապետը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 12-ին, թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք և մինչ օրս շարունակում է մնալ օկուպացրած տարածքում: Ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրեր և հարակից տարածքներ, ինչի հետևանքով բազմաթիվ բնակավայրեր հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ:

Կարդացեք նաև

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, ցավոք, իրավիճակն այնպիսին է, ինչպես ներկայացրել է թշնամի պետության ղեկավարը.

«Ոնց ասեց, այդպես էլ կա, ադբեջանցիները հետ գնալու մտադրություն չունեն, ավելին՝ նրանք էլ ավելի զավթողական նկրտումներ ունեն, նրանք էլի առաջ են գալու, այնպես չի, որ նրանք եկան, այդտեղ մնալու են, չե՛ն մնալու, առաջ են գալու, որովհետև Ադրբեջանն ունի ծրագիր՝ զավթել և ոչնչացնել Հայաստանը:

Հաշվի առնելով Հայաստանի սուբյեկտայնությունը կասկածի տակ դնելու հանգամանքը և Ալիևի անպատժելիությունը և Հայաստանի Հանրապետության իշխանության հանդուրժողական վերաբերմունքը նման երևույթներին, բնական է, որ Ալիևն իր ծրագրերն իրականացնում է ամբողջ ռեսուրսակազմի ծավալով:

Նախորդ տարի սեպտեմբերի 13-ի ագրեսիան Ադրբեջանի այդ ծրագրի շարունակական իրականացումն էր, էլի են առաջ գալու, մինչև Երևան, ասեմ ավելին՝ ոչ միայն զենքի ուժով, այլև քաղաքական:

Ադրբեջանն ամբողջ աշխարհով մեկ ՄԱԿ-ի մակարդակով առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջանի մեծ վերադարձ» ծրագիրը, այսինքն՝ մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ուզում են գան և ապրեն Հայաստանում, բայց նրանք գալու են ապրեն ոչ թե Հայաստանում, լինեն ՀՀ քաղաքացիներ, հարգեն ՀՀ օրենքները, սովորեն հայերեն, նպաստեն Հայաստանի զարգացմանը, այլ ընդհակառակը՝ դա տրոյական ձին է, որը գալու է մտնի Հայաստան և ներսից քայքայի Հայաստանը, և Ադրբեջանը զբաղեցնելով նպաստավոր դիրքեր, զենքի ուժով պաշտպանելու է այդ գործընթացը»:

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքական-հասարակական գործիչներ, վերլուծաբաններ, ոլորտի մասնագետներ նշում էին, որ Ադրբեջանը զորք և զինտեխնիկա է կուտակում ՀՀ սահմանի երկայնքով:

Չնայած դրան, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2 օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ նման բան գոյություն չունի: Մինչդեռ, Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումների մասին ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել էր նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, տեղեկացնելով նաև, որ հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանրային հեռուստատեսության եթերում պնդել էր.

«Այդպիսի կուտակումներ այնուամենայնիվ չկային: Լարվածություն միշտ կա, գոյություն ունի, բայց լարվածությունը կվերածվի՞ մեծ էսկալացիայի և գործողությունների, դա արդեն լրիվ այլ խնդիր է, իսկ դրա համար պետությունը և նրա ուժային կառույցները միշտ պետք է պատրաստ լինեն նման սցենարներին դիմակայելու համար:

Այդ վատ լուրը հանրությանը տեղեկացնելուց հետո պարզվեց, Պաշտպանության նախարարն էլ պատասխանեց այդ հարցին, որ կուտակումների մասին հիմա խոսք լինել չի կարող, չկա՛, պարզապես գոյություն չունի: Անցել են օրեր, կուտակումները չկան…»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի պնդմանը, թե սահմանին կուտակումներ չկան, հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում իշխանական պատգամավորներից մեկ ուրիշն էլ էր նման պնդումներով հանդես գալիս.

«Եկեք հիշենք, որ 2018 թվականին, երբ ադրբեջանցիները Նախիջևանի կողմից եկան և կախվեցին Արենիի վրա, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից մամայի արև երդվում էր, որ ոչ մի շարժ չկա, ադրբեջանցիներն առաջ չեն գալիս, բայց նրանք եկան և Երասխի կողմից կախվեցին Արենիի վրա: Այսինքն՝ լսել իշխանություների ստերը, դա ևս մեկ անգամ Ադրբեջանի ծրագրերին հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելն է, այսինքն՝ համաձայնել այն ամենի հետ, ինչ անում է Ադրբեջանը, ու Ադրբեջանն ինչ անում է, անում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնության ներքո, որովհետև ամբողջ համաշխարհային մամուլը, ականատեսները պնդում են, որ կուտակումներ կան, միայն Անդրանիկ Քոչարյանը կանգնում ասում է՝ կուտակում չկա: Հիմա ո՞ւմ ենք հավատում՝ չեզոք տեղեկատվական աղբյուրների՞ն, թե՞ Անդրանիկ Քոչարյանին, որն արդեն 5 տարի է՝ ստում է:

ՀՀ իշխանությունները քնացնում են մեր զգոնությունը, որ հնարավորություն տան Ադրբեջանին իրականացնել Հայաստանի ոչնչացումը, և Ալիևը երբեք չի թաքցրել, որ Հայաստանը գոյություն չպե՛տք է ունենա, հայերն այս տարածաշրջանում չպե՛տք է ապրեն, և նա քայլ առ քայլ այդ ծրագիրն իրականացնում է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով շուրջ 3.5 ամիս Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը թշնամու կողմից փակ պահելու փաստին, ադրբեջանագետն ասաց, որ միջանցքը երբեք չի բացվելու, եթե բացվի էլ, ապա միայն Ալիևի պայմաններով.

«Այսինքն՝ այնտեղ անցակետ է դրվելու: Տեղի է ունենում այն, ինչ եղել է 1990 թվականին, երբ ադրբեջանցիներն այն ժամանակ օդանավակայանն էին նույն կերպ փակի տակ պահում և բոլոր ելումուտ անողներին շատ նվաստացուցիչ ձևով ստուգում, ահաբեկում էին, որ չգնան ու չգան:

Ալիևն ունի մի շատ պարզ ծրագիր՝ Արցախը հայաթափի, հաջորդ փուլը՝ հայաթափի Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը և գա հասնի մինչև Երևան: Հարավային հատվածն էլ՝ Թուրքիայի սահմանի ամբողջ երկայնքով, կվերցնի Թուրքիան, և վերջ, Հայաստանը պրծավ»:

Ստեղծված իրավիճակից ելքը Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ պատերազմին պատրաստվելն է.

«Պետք է պատրաստվել պատերազմի, զենքով պաշտպանել մեր հողը և մեր հայրենիքը, ուրիշ տարբերակ չկա: Պատմությունը դեպք չի ճանաչում, որ թուղթ ու գրիչով, գանգատներով և հորդորներով հայրենիք պաշտպանվի և հող վերադարձվի: Պատմության մեջ նման դեպք չի՛ եղել: Ալիևն այնքան է անպատժելիության զգացողության մեջ գտնվում, որ անգամ Միջազգային դատարանի վճռի վրա թքած ունի, այսինքն՝ նա ունի համաձայնություն արտաքին աշխարհում՝ անել այն, ինչ անում է, որովհետև բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ կարող է անել արտաքին աշխարհը, երբ ինչ-որ բան հակասում է իրենց շահերին: Սա նշանակում է, որ Ադրբեջանի այդ քայլերը համահունչ են միջազգային հանրության շահերի հետ, հակառակ դեպքում Ալիևը շատ խիստ պատժի կենթարկվեր, ու եթե չի ենթարկվում, նշանակում է, որ նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, ինչ ուզենա…

Ելքը պատերազմն է, եթե մենք ունենք խոչընդոտ՝ իշխանությունների տեսքով, ուրեմն պետք է առաջին հերթին այս իշխանություններից ազատվենք, դա առաջին քայլն է»:

Դիտարկմանը, որ այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ խաղաղության պայմանագիր լինելո՛ւ է, Արմինե Ադիբեկյանն այսպես արձագանքեց.

«Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չունի իշխանություն, Հայաստանի Հանրապետությունն ունի Ադրբեջանի ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության ղեկին, մարդիկ, որոնք իրենց ամբողջ ուժով օգնում են Ալիևին ոչնչացնել մեր հայրենիքը»:

 

Տեսանյութեր

Լրահոս