Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում համապատասխան սարքավորումներ կտեղադրվեն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի նպատակով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր ստորագրվեց։
Ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար։
ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով՝ սարքավորումների տրամադրումը կնպաստի հայկական ժառանգության և մշակույթի տարածումը օտարերկրացիների և տեղացիների շրջանում։
«Ինչպես գիտեք, ՀԲԸՄ-ի հիմանական առաքելություններից մեկը մեր ազգի ժառանգությունը պահպանելն ու տարածելն է: ՀԲԸՄ այս աշխատանքի մեջ է 117 տարի, եկեղեցին այս նույն աշխատանքը անում է 1000-ամյակներ և եկեղեցու արած աշխատանքն անգնահատելի է մեր ազգի համար: Կարևոր է, որ այս նոր կենտրոնը, որը պետք է լրացվի նոր սարքավորումներով, և՛ օտարերկրացիների, և մեր հայրենակիցների համար անհրաժեշտություն է: Ճապոնիայի կառավարությունը, ի դեմս Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, ցուցաբերում է քաղաքակրթության ամենաբարձր դրսևորում: ՀԲԸՄ-ն ուրախ, հպարտ և երախտապարտ է, որ ծրագրի մաս է»,- ասաց ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի ստորագրման արարողությանը։
«Ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային աջակցությունը ծառայելու է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարաններում պահպանվող մշակությային ժառանգության պահպանման անհրաժեշտ գործիքների և սարքավորումների տրամադրմանը: Ծրագրի շնորհիվ այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ ավելի շատ մշակութային գործերի, ինչպես նաև այն ավելացնելու է թանգարան այցելած մարդկանց թիվը ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից»,- նշեց դեսպանն՝ ընդգծելով, որ և՛ Ճապոնիան, և՛ Հայաստանը ունեն հարուստ և հնագույն մշակույթ: Դեսպանի համոզմամբ՝ այս քայլը նպաստում է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ նշեց, որ ճիշտ է՝ Հայաստանն ու Ճապոնիան իրարից հեռու են, սակայն երկու երկրներին միավորող կարևոր օղակ կա. վերաբերմունք ազգային ինքնության և մշակույթի նկատմամաբ: Նախագիծը կնպաստի նաև փորձագետների վերապատրաստմանը, ինչպես նաև մշակույթի և ավանդույթների ոլորտում կրթական փորձի խթանմանը: