Բաժիններ՝

«Ապագա հայկականը» հնարավորություն տվեց բոլոր հայերին արտահայտել երկար տարիներ ունեցած մտահոգությունները

«Ապագա հայկականը» նախաձեռնությունը հնարավորություն տվեց բոլոր հայերին՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, արտահայտել այն մտահոգությունները, որոնք ունեին արդեն երկար տարիներ: «Ապագա հայկականը» համաժողովի շրջանակներում այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համաժողովի մասնակից, ֆրանսահայ Դավիթ Դավթյանը՝ ընդգծելով, որ այս ձևաչափը, որ կիրառվել է առաջին անգամ, մեծ հնարավորություն է հայ ազգի ապագայի կառուցման և զարգացման համար:

Անդրադառնալով համաժողովի երրորդ օրը քննարկվող «Բնակչության աճ» նպատակին՝ Դավիթ Դավթյանը նշեց, որ իրենք քննարկում են այդ հարցը թե՛ Հայաստանի բնակչության, թե, ընդհանրապես, հայ ազգի տեսակետից:

«Եթե կենտրոնանանք հենց Հայաստանի տարածքի վրա, ապա այստեղ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Թե՛ առողջապահություն, թե՛ հոգեբանություն, սոցիալական իրավիճակ, թե՛ ապահովություն, թե՛ արտագաղթ-ներգաղթ՝ այդ բոլոր հարցերը այնքան համալիր են և այնքան անձնական ամեն մի ընտանիքի համար, որ, մտածում եմ, այս մեկ օրվա ընթացքում դժվար կլինի լուծել, բայց սա հիմք է հանդիսանում, որ կարող ենք բարձրաձայնել և խոսել դրանց մասին»,- նշեց Դավթյանը:

Իսկ հարցին, թե ի՞նչ է հարկավոր իրեն Հայաստան վերադառնալու և ապրելու համար, համաժողովի մասնակիցը պատասխանեց, որ եթե Հայաստանում իրենց տան այն հնարավորությունները, ինչ որ իրենք ունեն արտասահմանում, միանշանակ կնախընտրեն վերադառնալ և ապրել Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս