Ադրբեջանը որդեգրել է լարվածության աճի գործելակերպ՝ ոչ միայն ԼՂ–ի, այլեւ ՀՀ–ի նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար. ԱԳՆ
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է.«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրեւ թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով եւ որ իբրեւ թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում:
Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի եւ չի կարող ունենալ որեւէ փաստական հենք եւ աղերս իրականության հետ։
Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝
Մարտի 5-ին իր զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական ակտից, որին զոհ են գնացել Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության անձնագրային ծառայության երեք աշխատակիցներ, մեկ աշխատակից վիրավորվել է,
Լաչինի միջանցքի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն իր կողմից չկատարելու եւ ի հեճուկս այդ որոշման՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստից,
2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու փաստից:
Այս ակնհայտ փաստերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվության ու լարվածության աճի գործելակերպ՝ փորձելով կեղծ տեղեկատվական հիմքեր ստեղծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար: Ընդ որում, Ադրբեջանն այդ քաղաքականությունն «արդարացնելու» համար շարունակում է արեւմուտքում Հայաստանին որպես ծայրահեղ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ ծայրահեղ արեւմտամետ ներկայացնելու իր քաղաքականությունը:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որեւէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչեւ դրա շրջափակումը, այնպես էլ 2022թ. դեկտեմբերի 12-ից հետո։ Ավելին, վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետությունը բանակ չունի։ Այս տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու առաջարկը բազմիցս մերժվել է հենց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Վերահաստատելով Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը՝ եւս մեկ անգամ ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության անհապաղ գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները: