«Այս կրակոցները գյուղատնտեսական աշխատանքների հետ առնչություն չունեն. փառք Աստծո, այդ հատվածներում բնակավայրեր չկան». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։
«Այս կրակոցները գյուղատնտեսական աշխատանքների հետ առնչություն չունեն, հիմնական կրակում են ժայռոտ, լեռնոտ ու անտառային հատվածներին։ Փառք Աստծո, այդ հատվածներում բնակավայրեր չկան։
Կարծում եմ՝ այս կրակոցների հիմնական նպատակը վախի մթնոլորտի տարածումն է կամ Պաշտպանության բանակի հետ կապված ինչ-որ բան է։ Ամեն դեպքում այս կրակոցները քաղաքացիական անձանց ու բնակավայրերի հետ առնչություն չունեին»,- շեշտեց Համլետ Ապրեսյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, թե Արցախի հետ երկխոսում են, սակայն մյուս կողմից՝ դիմում են սադրանքների, Համլետ Ապրեսյանը նկատեց՝ դժվար է որևէ բան ասել, քանի որ թշնամին անկանխատեսելի է։
«Թշնամին անկանխատեսելի է, բայց մյուս կողմից էլ՝ կանխատեսելի է, որովհետև թշնամու ձեռագիրն ու գործելաոճը շատ լավ ենք ճանաչում։ Հետևաբար՝ մենք թշնամուց ամեն ինչ սպասում ենք»,- եզրափակեց Համլետ Ապրեսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։