Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի կողմից հերթական հրթիռի արձակումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից շաբաթ օրը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և կոչ է արել Փհենյանին՝ զերծ մնալ սադրիչ քայլերից:

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից ևս մեկ միջմայրցամաքային հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումը», – ասվում Է հայտարարությունում:

Նշվում է, որ Գուտերեշը վերստին կոչ է անում Փհենյանին՝ «անհապաղ հրաժարվել ցանկացած հետագա սադրիչ գործողություններից, լիովին կատարել Անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերով ստանձնած միջազգային պարտավորությունները և վերսկսել երկխոսությունը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և Կորեական թերակղզու ամբողջական միջուկազերծումե:

Չնայած այս հայտարարությանը, Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, որոնք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։ Այս մասին հաղորդել էր «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը։ Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Իսկ փետրվարի 18-ին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որը թռել էր 989 կմ՝ հասնելով 5768,5 կմ առավելագույն բարձրության: ԿԺԴՀ-ի վերջին արձակումների առնչությամբ այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս