Արցախյան շարժումը Խորհրդային կայսրության կործանման կարևորագույն հիմնաքարը եղավ. Խաչիկ Գալստյան
«Ուղիղ 35 տարի առաջ փոթորկվեց հայոց միասնական հայրենիքը, և մենք միասնական լծվեցինք վերազգային ամենակենսական շահի բավարարմանը, Արցախի ազատագրմանը և դրա հիման վրա 90-ականներին ստեղծեցինք երկու հայկական պետականություններ»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Նա հիշեց 1988 թվականը, երբ արցախցիները ոտքի էին կանգնել, արժանացել էին միջազգային հանրության մեծ համակրանքին, քանի որ Խորհրդային հսկայածավալ կայսրության դեմ էր մղվում պայքարը:
«Այո, աշխարհը չի փոխվել, շահերն այս պահին դոմինանտ են՝ արժեքների հետ համեմատության մեջ»,- նշեց Խաչիկ Գալստյանը՝ հավելելով, որ խնդիրը մեր մեջ է, թե արժեքային ինչպիսի վերաբերմունք ունենք այսօր Արցախի նկատմամբ: 88-ին Արցախը բարձրագույն համազգային արժեք էր բոլորիս համար: Բայց այս տարիների ընթացքում Արցախի արժեքային նշաձողը հետևողականորեն իջեցվեց հայ հասարակական-քաղաքական դիսկուրսում: