«Եթե ծանրության նժարի վրա դնեն Հայաստան-Թուրքիա և Հունաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա, կարծում եմ՝ ծանրությունը գնալու է Հունաստանի օգտին». Նուբար Չալըմյան
Փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել էին Թուրքիա։ Նրանց այցին զուգահեռ՝ Հայաստանը երկրորդ մարդասիրական օգնությունն ուղարկեց Թուրքիա՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու համար, դրանից զատ, նաև փրկարարներ էր ուղարկել Թուրքիա և Սիրիա։
Անկարայի օդանավակայանում Արարատ Միրզոյանին և նրան ուղեկցող հայ պաշտոնյաներին դիմավորեց ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, այլ Թուրքիայի կրթության նախարարը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Մինչդեռ Հունաստանի արտգործնախարարին Անկարայի օդանավակայանում դիմավորել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլին՝ նրան ինքնաթիռով ուղեկցել աղետի գոտի, իսկ Արարատ Միրզոյանը Քըլըչի ուղեկցությամբ էր գնացել աղետի գոտի։
168.am–ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը խոսելով Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի մասին, նախ ասաց, որ ստեղծված իրավիճակում միանշանակ պետք է տարբերակել Հունաստան-Թուրքիա հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունները։
«Առհասարակ միջազգային հարաբերություններում չկա որևէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի մեծ կամ փոքր պետության հանգամանքը. բոլոր պետությունները հավասար են։ Եվ այդ հավասարությունն առհասարակ ընդգծելի է բոլոր նման միջոցառումների ժամանակ։ Հիմա այստեղ պետք է հաշվի առնել հետևյալը և տարբերակել այցերը՝ կարող է լինել պաշտոնական, աշխատանքային, տարանցիկ, մասնավոր հյուրի կարգավիճակով այցեր… յուրաքանչյուր այցի ձևաչափ ունենում է իր արարողակարգային ձևաչափը։
Նորից կրկնեմ, ճիշտ է՝ բոլոր պետությունները հավասար են և հիմնված են փոխադարձ սկզբունքի վրա, այդուհանդերձ լինում են նաև բացառություններ»,- նշեց Նուբար Չալըմյանը։
Խոսելով այդ բացառությունների մասին, մեր զրուցակիցը վկայակոչեց հետևյալ օրինակը՝ եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման ժամանակ գնում էր Մոսկվա, նրան նախագահ Վլադիմիր Պուտինը չէր դիմավորում, բայց երբ վերջինս էր գալիս Հայաստան՝ նրան դիմավորում էր Ռոբերտ Քոչարյանը, նույնը նաև այլ նախագահների պարագայում էր։
«Հայաստանի պետական արարողակարգով, երբ Հայաստանը նախագահական կառավարման համակարգում էր, այսպես էր՝ եթե օտարերկրյա պետության ղեկավարը պետական կամ աշխատանքային այցով գալիս էր Հայաստան, ապա նրան դիմավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարը կամ վարչապետը։ Սակայն բացառություններ միշտ էլ լինում են, և, այսպես ասած, երկրների սրտի խորքում գործում է մեծ և փոքր պետության հանգամանքը։ Սա ես իսկապես օբյեկտիվորեն եմ ասում։
Եթե ծանրության նժարի վրա դնեն Հայաստան-Թուրքիա և Հունաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա կարծում եմ՝ ծանրությունը գնալու է Հունաստանի օգտին։ Կարծում եմ՝ Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ցավակցական բնույթ էր կրում, և ըստ իս, իրենց արարողակարգով այդպես է, որ ժամանած հյուրին դիմավորի կառավարության այս կամ այն անդամը, տվյալ պարագայում՝ ՀՀ ԱԳ նախարարին դիմավորեց Թուրքիայի կրթության նախարարը»,- շեշտեց Նուբար Չալըմյան։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կողմից Թուրքիային տրամադրվող մարդասիրական օգնությունը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համատեքստում կարող է որևէ նշանակություն ունենալ, Նուբար Չալըմյանը պատասխանեց, որ այս հարցը տեղավորվում է ստեղծված ընդհանուր իրավիճակի շրջանակների մեջ։
«Ինքս ուզում եմ համոզված լինել, որ գործ ունենալով Արևելքի հետ, իսկ Թուրքիան ևս Արևելք է, ինչպես արաբական երկրները և այլն, նրանց մոտ էմոցիոնալ վիճակը, նկատի ունեմ այս պահը՝ Հայաստանի կողմից արած ժեստը, չի կարող պատահել, որ մատնվի անուշադրության։ Մի բան, որին պիտի խանդով մոտենա Ադրբեջանի ղեկավարությունը, կարծում եմ՝ սա իր նշանակությունը կունենա։
Նաև կարծում եմ՝ սա ինչ-որ տեղ կարագացնի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը։ Գուցե որոշ հանգամանքներ, որոնք նախկինում դրված են եղել սեղանին, կարող են այս պարագայում հաշվի չառնվեն և որպես Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման արտահայտություն՝ բարերար ազդեցություն ունենան, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի»,- նշեց միջազգայնագետը։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չպետք է բարձրացնի նաև Արցախի ճանապարհի բացման հարցը, որը Ադրբեջանը փակել է Թուրքիայի հովանավորությամբ, Նուբար Չալըմյանը պատասխանեց՝ Թուրքիան բարձր գնահատանքի արժանացրեց Հայաստանի կառավարության կողմից փրկարարների և մարդասիրական օգնության տրամադրումը, այդ ընթացքում Բերձորի ճանապարհի բացման հարցը պետք է բարձրացվեր բանակցությունների ժամանակ։
«Թուրքիան կարող է ազդել Ադրբեջանի վրա՝ միջանցքը բացելու համար»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։