Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։
Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Էլազըգում (Խարբերդ) կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած են, սակայն մարդկային կորուստներ չկան։
Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Օհաննես Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ ցնցումների հետևանքով եկեղեցին վնասված չէ, սակայն քաղաքում կան ավերված շենքեր։
Իսքենդերունում Տեր Ավետիս քահանայի հայտնած տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնում ավերածություններ կան։ Լատին կաթոլիկ եղեկեցին հիմնահատակ ավերվել է։ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին ևս քանդվել է։ Մարդկային կորուստնի մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից մտահոգող լուրեր այս պահին չկան։
Իսկ Կեսարիայում, թեպետ ցնցումները զգացվել են, սակայն տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վնասված չէ։