Բաժիններ՝

Կրթության և գիտության ոլորտում Եգիպտոսի հետ կնքած հուշագրերն ավելի կխորացնեն համագործակցությունը, որը կար 1997 թվականից. ԿԳՄՍ փոխնախարար

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ Հայաստան այցի շրջանակներում հունվարի 29-ին Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են սպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագրեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այս հուշագրերի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և այս կարևոր ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը:

Փոխնախարարը նշեց, որ իրականում Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ իրավապայմանագրային բազան ձևավորվել է դեռևս 1997 թվականից: Դեռևս այն ժամանակվանից գործել է մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, և այս հուշագրերը եկել են ավելի զարգացնելու այն համագործակցությունը, որն արդեն իսկ կար:

 

«Նոր հուշագրերի շրջանակներում՝ սպորտի բնագավառում նախատեսվում է անցկացնել տարբեր ուսումնամարզական ճամբարներ, մարզիչների վերապատրաստում, որով նաև զարկ կտրվի ֆեդերացիաների մակարդակով հայ-եգիպտական շփումներին: Ի դեպ, նշեմ, որ այդ առումով արդեն իսկ կա նախապատմություն. շատ հայ մարզիչներ ժամանակին այնտեղ աշխատել են:

 

Իսկ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը հնարավորություն կտա իրականացնել համատեղ գիտատեխնիկական ծրագրեր, հետազոտություններ, ինչպես նաև գիտնականների փոխանակում՝ մեզ համար առաջնահերթ տարբեր ուղղություններով»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ Եգիպտոսի հետ համագործակցությունը բազմաբովանդակ է և ընդգրկում է ԿԳՄՍ նախարարության համակարգման բոլոր ոլորտները: Նա նշեց, որ ներկայում ունեն մշակույթի ոլորտում համագործակցության գործնական ծրագիր, որի շրջանակներում վերջին միջոցառումը 2009 թվականին Եգիպտոսի մշակութային օրերի անցկացումն էր Հայաստանում:

«Մենք նաև Եգիպտոսի հետ համագործակցում ենք հայագիտության զարգացման ոլորտում, և ներկայում գործող հայագիտություն դասավանդող 13 կառույցների շարքում է Կահիրեի համալսարանը, որտեղ գործուղվում են մասնագետներ: Այս համագործակցության ընդհանուր բնույթը ներկայացնելիս՝ կուզեի նաև առանձնացնել, որ Հայաստանի բուհերում սովորում են Եգիպտոսի 51 քաղաքացիներ, ինչը փաստում է, որ եգիպտական հանրության մեջ իսկապես կա հետաքրքրություն, և մենք, իհարկե, ցանկանում ենք այդ թվերը մեծացնել: Նաև տարեկան 3-4 հայ երիտասարդ մեկամյա ծրագրով գործուղվում է Եգիպտոս սովորելու արաբերեն »,- ասաց Մարտիրոսյանը:

Փոխնախարարն ասաց, որ ներկայում բանակցության փուլում է գտնվում կրթության և գիտության ոլորտում համագործակցության և որակավորումների փոխճանաչման համաձայնագիրը. առաջինի դեպքում հնարավորություն կտրվի մի քանի պետական ֆինանսավորմամբ կրթաթոշակային տեղեր ունենալ փոխադարձ հիմունքներով, իսկ երկրորդի դեպքում՝ դիպլոմների և ավարտական փաստաթղթերի ճանաչման հարցերը լուծել:

«Վերջին կետը երիտասարդության ոլորտն է: Ի դեպ, եգիպտական կողմի նախաձեռնությամբ առաջարկվել է, որ փոխադարձության հիմունքներով ունենանք երիտասարդական հավաքներ և ներկա պահին բանակցում ենք, որ 2024 թվականին կազմակերպվի եգիպտական երիտասարդական պատվիրակության այցը Հայաստան և հակառակը»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ երկու երկրների նախագահների հանդիպումը շատ կարևոր ազդակ էր, որի շրջանակում երկու հուշագրեր ստորագրվեցին, ինչին կհաջորդեն գործնական հանդիպումները:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Երևան էր ժամանել հունվարի 28-ին: Հունվարի 29-ին Եգիպտոսի նախագահին ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Երկու երկրների նախագահների հանդիպմաան արդյունքներով ստորագրվել էին մի շարք ոլորտներում համագործակցության հուշագրեր:

Նյութը՝ Գայանե Գաբոյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս