Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առանձնահատուկ աչքի ընկավ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Խնդիրն այն չէ, որ նա «արա»-ով էր խոսում ներկաների հետ, մատ էր թափ տալիս բոլորի վրա. սա գործող իշխանության ներկայացուցիչների բնորոշ գիծն ու մակարդակն է:

Շատ ավելի ուշագրավ էին որոշ ձևակերպումներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին իշխանությունների մտադրություններն ու ծրագրերը:

Նախ՝ Արսենյանը հատուկ շեշտեց, որ առաջնահերթությունները ճիշտ չեն դրվում. Արցախում «ընդամենը» մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։

Փաստացի, քպականը նշում էր, թե չեն կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի։ Այստեղ, իհարկե, նորություն չկա. եթե նախկինում փորձագետներն ու ընդդիմադիրներն էին խոսում, որ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հիմա արդեն իրենք էլ դա չեն թաքցնում:

Ընդ որում, գործում է նույն սխեման. եթե պատերազմից հետո պատճառաբանությունը 60 հազար զինվորի կյանքը փրկելն էր, հիմա սկսել են ուղիղ նշել ապագա «սվաղը»՝ հայաստանցիներին փրկելը: Ոչ պակաս հետաքրքիր էր Արսենյանի հաջորդ գնահատականը. նա ասում էր, որ իրենց իշխանությունը «հասկանում է իր գործողությունների հետևանքները, հասկանում է ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է լինել»:

Սա փաստացի ոչ միայն լուրջ ինքնախոստովանություն է, այլև ջուրն է գցում իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների ողջ քարոզչությունը, թե՝ «խեղճ Նիկոլն» ինչ անի, թե «խեղճ Նիկոլն» ինչ իմանար և այլն, ինչպես նաև այն թեզը, թե ձախողումները, կորուստները, առկա վիճակը «սխալի» կամ թերացման արդյունք են»:

Տեսանյութեր

Լրահոս