Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Civilnet.am
«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ #CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։
Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։
Օրեր առաջ համացանցում հայտնվել էին առանձնատների լուսանկարներ, որոնց պատկանելությունը վերագրվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ CivilNetCheck-ը, ուսումնասիրելով այդ առանձնատների կադաստրային փաստաթղթերը, պարզել էր, որ դրանք կապ չունեն այս պաշտոնյաների հետ։
Կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ Միրզոյանն առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեում։
Կադաստրային փաստաթղթերի համաձայն՝ առանձնատան տարածքը 2013-ին Քասախ համայնքից ձեռք էր բերել Ռոզա Գալստյան անունով անձը։ 2013-ից մինչև 2020-ը տարածքում մի քանի սեփականատեր է փոխվել։ 2020-ին հողատարածքը 20 մլն դրամով ձեռք է բերել Ռաֆայել Մանուկի Մուրադյանը, որը տարածքում սկսել է կառուցապատում, և այն օրինականացրել է միայն 2021-ի դեկտեմբերին։ Նույն ամսին Մուրադյանը առանձնատունը գրավադրել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում։
Ըստ Yandex map-ում առկա լուսանկարների՝ այդ տարածքում շինարարարությունը սկսել է 2020-ի տարեսկզբին։ 2022-ի մարտի դրությամբ՝ շինությունը պատրաստ է եղել և հանվել վաճառքի։
Կադաստրում առկա փաստաթղթերի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին հիփոթեքային պայմանագիր է կնքվել վաճառող Ռաֆայել Մուրադյանի, գնորդ-գրավատուներ Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև, որը հանդես է գալիս որպես վարկատու գրավառու։
Փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել և գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։ («Հայէկոնոմբանկի» սեփականատերը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն է)։
«Արմսվիսբանկը» տվել է իր համաձայությունը գույքը օտարելու և այլ բանկում գրավադրելու՝ պայմանով, որ հինգ օրվա ընթացքում Ռաֆայել Մուրադյանի՝ բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններն ամբողջական կմարվեն։ Դեկտեմբերի 29-ին արդեն վարկային պարտավորություններն ամբողջության մարված են եղել։
Մեկ օր առաջ էլ՝ դեկտեմբերի 28-ին, Կադաստրի կոմիտեն գրանցել է Գոհար Աբաջյանի ու Արարատ Միրզոյանի իրավունքներն առանձնատան նկատմամբ։
Ինչպես նշեցինք, ամուսինները առանձնատունը ձեռք են բերել 112 մլն դրամով (ըստ Կադաստրի՝ շուկայական արժեքը 115 մլն դրամ է)։ Հատկանշական է, որ պայմանագրում նշված չէ վարկի տոկոսավճարը։
Ընդհանուր առմամբ, «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու Աբաջյանը մինչև 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։
Ըստ փաստաթղթերի՝ ընդհանուր հողամասը 951 քմ է, տունը՝ 288 քմ, կա նաև ավտոտնակ՝ 61 քմ, և օժանդակ շինություն՝ 81 քմ:
Այցելելով տարածք՝ պարզ դարձավ, որ առանձնատան ու բակի շինարարական աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն։ Տեղի բնակիչները հայտնեցին, որ ներկայում տանը շինաշխատանքներ չեն իրականացվում։ Նրանք տեղյակ չէին՝ ով է իրենց նոր հարևանը։
Միրզոյանի սոցիալական վիճակը տարիների ընթացքում ակնհայտ բարելավվել է
Հայտարարագրեր
Արարատ Միրզոյանը որպես պաշտոնյա իր գույքի և եկամուտների առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2017-ին, երբ ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր։ Նա հայտարարագրել էր երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքերում, մեկ ավտոմեքենա՝ KIA Sorento, 3 մլն դրամ դրամական միջոց և 500 000 դրամ եկամուտ, որը ստացել էր որպես փոխառություն (վարկ)։ Ուսումնասիրելով վերջին տարիների ընթացքում ներկայացրած հայտարարագրերը` պարզ է դառնում, որ Միրզոյանի սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել է։
2021-ի հայտարարագրում Միրզոյանը նշել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանi Աջափնյակ համայնքում։ Նույն տարում 34,7 մլն դրամով Միրզոյանը վաճառել էր Շենգավիթում իրեն համատեղ սեփականությամբ պատկանող բնակարանը։ Արտգործնախարարը հայտարարագրել է 70 000 դոլար բանկային ավանդ, բանկային հաշիվներում` 9,1 մլն դրամ և 70 188 դոլար (70 000 դոլարը վերոնշյալ ավանդն է ), ինչպես նաև 8 մլն դրամ կանխիկ դրամ։
Միրզոյանը 2021-ի համար հայտարարագրել է 52,5 մլն դրամ եկամուտ, որը ձևավորվել է ԱԺ-ից և ԱԳՆ-ից ստացած աշխատավարձից (մոտ 17,8 մլն դրամ ), բնակարանի վաճառքից (34,7 մլն դրամ) և այլն։
Նա նաև նշել է 31,3 մլն դրամի վարկի մասին տեղեկություն, որն առկա է եղել 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Կինը՝ Գոհար Աբաջյանը, Միրզոյանի հետ համատեղ Աջափնյակում գտնվող վերոնշյալ բնակարանի սեփականատերն է։ Նա հայտարարագրել է նաև 2019-ին ձեռք բերված 2011-ի արտադրության Kia մակնիշի մեքենա, բանկային հաշիվներին՝ 571 000 դրամ և 1995 դոլար, ինչպես նաև 1,5 մլն դրամ կանխիկ դրամ։ Աբաջյանի եկամուտները 2021-ին կազմել են 12,1 մլն դրամ։
2018-ի հեղափոխությունից հետո Արարատ Միրզոյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ, 2019-2021 թվականներին զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, իսկ 2021-ի օգոստոսից արտաքին գործերի նախարարն է։