ԼՂ երեխաներին աջակցելու համար կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները. ՀՀ ԿԳՄՍ նախարարը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ընդգծելով, որ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։
Հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի մասին Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին տեղեկացրել էր նաև իր նախորդ նամակում՝ նախարարը վերստին շեշտել է հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքների մասին։
«Բազմաթիվ դպրոցականներ և ուսանողներ, որոնք Հայաստանում էին և մասնակցում էին փոխանակման որոշ ծրագրերի, չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ իրենց ուսումը շարունակելու հայրենի հաստատություններում: Թեև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովել է բոլոր միջոցները՝ նրանց ուսումը Հայաստանի համապատասխան հաստատություններում շարունակելու համար, այնուամենայնիվ, տեղի է ունեցել կրթության իրավունքի շոշափելի խախտում՝ հաշվի առնելով ուսումնական ծրագրերի տարբերությունները։
Խախտվում է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Տասնյակ անչափահասներ, որոնք մնացել են առանց ուղեկցության, արգելափակված են Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում են Լաչինի միջանցքի երկու կողմերում»,- մասնավորապես նշել է նախարարը՝ շեշտելով հոգեկան առողջության և ընտանիքների վերամիավորման իրավունքի հրատապ անհրաժեշտությունը:
«Մենք իսկական աղետի ենք ականատես լինում Լեռնային Ղարաբաղում թե՛ հումանիտար, թե՛ զարգացման համատեքստում՝ գրեթե մեկ ամիս տևած շրջափակման պատճառով։ Օրեցօր հրամայական է դառնում ապահովելու երեխաների՝ ապահով միջավայրում մեծանալու անօտարելի իրավունքը, վճռական քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց իրավունքների իրացման համար։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդիրների վրա և կոչ եմ անում ՅՈՒՆԻՍԵՖ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի երեխաներին աջակցելու համար»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին ուղղված նամակը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին ուղղված նամակում ևս ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ սննդամթերքի անբավարար մատակարարման պատճառով 2023 թվականի հունվարի 9-ից Լեռնային Ղարաբաղի 30 դպրոցների 56 նախադպրոցական խմբերը, երկարօրյա ծառայություն իրականացնող 16 հանրակրթական հաստատությունները, ինչպես նաև 41 մանկապարտեզներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Արդյունքում՝ 6498 աշակերտ զրկվել է կրթության իրավունքից։
«Էներգակիրների բացակայության պատճառով խաթարվել է տրանսպորտի աշխատանքը, ինչը բացասաբար է ազդել նաև գյուղական դպրոցներում ուսումնական գործընթացի վրա, որտեղ այլ բնակավայրերում բնակվող ուսուցիչները չեն կարողանում հաճախել դասերի։ ՀՀ միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք մինչ շրջափակումը եղել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարողանում վերադառնալ Երևան և շարունակել ուսումը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 270 երեխաներ այս պահին չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց ընտանիքներ և ժամանակավոր խնամակալություն են ստանում Հայաստանում։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքով խախտվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ 22000 երեխաների իրավունքներն ու ազատությունները»։
Շեշտելով, որ կրթության իրավունքի խախտումն անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի, ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ արձագանքի Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև լուծելու ԼՂ ժողովրդի մարդասիրական կարիքները։
«Այս սարսափելի իրավիճակում կոչ եմ անում ՄԱԿ-ի ՊՀԾ-ին՝ որպես մասնագիտացված մարդասիրական գործակալություն, արագ ներգրավվել ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց կրթության իրավունքը»,- նշված է նամակում։