Իշխանություններն Արցախի հարցին վերաբերում են իբրև «բորոտ» հարցի, որից պետք է փախչել. Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսը հեգնանքով որակում է քաղաքագիտական մտքի «գլուխգործոց»:

168.am-ի հետ զրույցում նա այս առնչությամբ մի քանի արձանագրումներ արեց. «Առաջինը՝ վարչապետը վերջին հարցազրույցով լիարժեքորեն և հիմնավոր կերպով ապացուցեց, որ ինքն անձամբ և իր քաղաքական թիմը շինծու են և նախօրոք պատրաստված կեղծ օրակարգով են բերվել իշխանության՝ վտանգավոր և աննախադեպ մանիպուլյացիայի արդյունքում:

Վարչապետի ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ իր գլխավորությամբ այդ մարդկանց առջև դրվել է մի քանի խնդիրների իրագործում, որոնցից առաջնայինը եղել է կանխորոշված ելքով պատերազմի սպասարկումը (ինչը նշանակում է ոչ մի նախապատրաստական աշխատանք չկատարել, ջլատել, թուլացնել երկրի և հասարակության պաշտպանունակության բոլոր մակարդակները, սպասարկել բուն պատերազմական ընթացքը և բերել այն հանգրվանին, որը ձեռնտու է եղել պատվիրատուին կամ պատվիրատուներին):

Վստահաբար, կարող ենք ասել, որ որևէ ընտրություն պատերազմից հետո չէր կարող օբյեկտիվ լինել, և այն, ինչ ներկայացվում է որպես մեծամասնության քվեի ստացում (որին հղում են անում օրվա անձինք, որոնք իշխանություն են բանեցնում), արդեն ծիծաղ է առաջացնում` դարձյալ  ելնելով ասուլիսի տրամաբանությունից»:

Կարդացեք նաև

Հայկ Դեմոյանը ցավով նկատեց, որ իշխանություններն Արցախի հարցին վերաբերում են իբրև «բորոտ» հարցի, որից պետք է փախչել: Այս համատեքստում նա հիշեցրեց իշխանական ու մերձիշխանական շրջանակներից հաճախ հնչող ցինիկ հայտարարություններն Արցախի թեմայով:

Իսկ Արցախի հարցում իշխանությունների որդեգրած նման դիրքորոշումը պատմաբանն անվանեց ինքնաոչնչացման քաղաքականություն՝ ինչպես հենց օրվա իշխանությունների ոչնչացման տեսանկյունից, այնպես էլ՝ երկրի:

Նա, այդուհանդերձ, չբացառեց  հանրային հակազդեցության հնարավորությունը. «Եթե այսօրվա քաղաքական իշխանությանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռք է տալիս, որ Ալիևը հոխորտա՝ իրենք վախենան, հասարակությունը պոռթկալու է, որովհետև հասարկության զգալի հատվածն ունի արժանապատվություն»:

Հայկ Դեմոյանը շեշտեց, որ արտաքին աշխարհի համար հետաքրքիր չէ խաղաղության օրակարգը. ըստ նրա՝ առկա շահերի պարագայում աշխարհը ցանկացած պահի կարող է զոհաբերել ինքնազոհաբերման պատրաստ կողմին, տվյալ պարագայում՝ ՀՀ-ին:

«Այս պարզ իրողությունը Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կամ չի հասկանում, կամ, գուցե, ձևացնում է, թե չի հասկանում, որովհետև այդպես են նրանց հրահանգում նրանց իշխանության բերած ուժերը,- հավելեց պատմաբանը՝ պարզաբանելով, որ Փաշինյանն իշխանության է եկել տարբեր ուժային կենտրոնների համաձայնության արդյունքում՝ հայկական խորքային պետության  սպասարկման գործուն մասնակցությամբ: Որպես ասվածի ապացույց՝ նա հիշեցրեց ասուլիսից մի դրվագ, որում Փաշինյանը պատմել էր՝ իրեն և «Վիվառո»–ի Վիգեն Բադալյանին ծանոթացրել են իր՝ բանտից դուրս գալուց հետո,- Նեյրոլինգվիստիկայի մեթոդները եթե կիրառում ենք, նշանակում է,  որ այն ժամանակ իրեն կցել են մի մարդու, որը պետք է լուծեր իր ֆինանսական հարցերը. ենթադրություն է: Հիմա հասկանում ենք՝ ինչու է Հայաստանը վերածվել «Վիվառո»-ի հանրապետության»:

Իսկ սա հանրագումարում մեծագույն ողբերգություն է, որում մենք ապրում ենք, ու այստեղ մեղավորը մեկ անձը չէ, ինչպես ասում է ընդդիմությունը, այլ երևույթն է, որը ստեղծվել է նաև ժամանակին՝ ընդդիմության՝ իշխանության լինելու ժամանակ: Իրենք հոյակապ իմացել են՝ ով է Փաշինյանը, Փաշինյանի շրջապատը և ինչի համար են նախապատրաստվում»:

Անդրադառնալով Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցին և Արցախի 33-օրյա շրջափակմանը ու խաղաղության օրակարգերի մասին չդադարող խոսույթներին՝ Հայկ Դեմոյանը նշեց. «Սումգայիթ, Բաքու, շարունակությունն  այժմյան բլոկադան է: Հարցը շատ պարզ է. պետք չէ հանճարեղ լինել՝ կամ արցախահայությունը մնում է ապրելու իր հայրենիքում՝ երաշխավորված անվտանգությամբ,  կամ՝ կորցնում ենք Արցախը. երրորդ տարբերակ, որին ուզում է ձգտել ներկա իշխանությունը, չի լինում: Պատմությունը և իրականությունը շատ դաժան է. այնտեղ երրորդ տարբերակներ չեն լինում՝ մանավանդ այսպիսի տարածաշրջանում:

Ապուշության աստիճանի են հասել արդեն խաղաղության մասին այդ խոսակցությունները, երբ մյուս կողմը ցույց է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այդ խաղաղությունը: Ալիևը, լինելով բռնակալ, իշխանությունն ամրապնդելու համար չի կարող խաղաղությունը վաճառել իր հասարակությանը. նա տասնյակ-հազարավոր Ադրբեջանից երիտասարդներ կուղարկի կոտորվելու, որ լուծի իշխանություն պահելու  հարցը»:

Ըստ նրա՝ քանի որ այսօր վտանգն Ալիևն է, պետք է հարց դնել՝ ինչպես կարելի  է ազատվել նրանից:

«Եթե խնդիրը ստեղծում է մեկ մարդ, որը բռնակալ է, այդ մարդու հարցը պետք է լուծել»,- ամփոփեց Հայկ Դեմոյանը:

Տեսանյութեր

Լրահոս