«Խնդրի լուծումը պետք է լինի Լաչինի միջանցքի բացվելը». Հաթերքի գյուղապետ
Արցախը, արդեն 9 օր է, Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, փակելով Լաչինի միջանցքը, Ադրբեջանը փաստացի 120 հազար արցախահայերի կանգնեցրել է նոր ցեղասպանության առջև։ Այս պահին տարբեր գյուղեր փորձում են սեփական միջոցներով առաջացած խնդիրները լուծել՝ հուսալով, որ շուտով Արցախն աշխարհի հետ կապող միջանցքը կբացվի։
168.am-ի հետ զրույցում Հաթերքի Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ այս պահին որևէ խնդիր չունեն, սակայն, եթե այսպես շարունակվի, գուցե առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիրներ առաջանան։
«Որ ասեմ, բնակիչներն անհանգստություններ չունեն, այդպես չէ, բայց այնպես էլ չէ, որ խուճապի մեջ են։ Կհաղթահարենք այս դժվարին իրադրությունը։ Պետնախարարն այցելել էր Մարտակերտ, հանդիպել, զրուցել ենք, փորձել ենք միասնական լուծում տալ խնդիրներին»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Ըստ Հաթերքի գյուղապետի, ադրբեջանցիները պետք է բացեն Լաչինի միջանցքը, քանի որ այն Արցախի կյանքի ճանապարհն է։
«Խնդրի լուծումը պետք է լինի Լաչինի միջանցքի բացվելը»,- շեշտեց Վ. Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն երեկ Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը երեկ մահացավ: