Նորամարգ գյուղի ջրատարից Մասիսի հրշեջ-փրկարարները դուրս բերեցին 93-ամյա տղամարդու դին (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 14-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի դաշտամիջում գտնվող ջրատարում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է նշված վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ:
Դին ջրատարից դուրս բերելու համար Մասիսի ոստիկանությունն ահազանգել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ կարճ ժամանակում նշված վայր են ուղարկել Արարատի մարզի փրկարար վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Թովմաս Հովհաննիսյանի և ջոկատի հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրատարից դուրս բերեցին տղամարդու դին, ով նույն գյուղի բնակիչ, 93-ամյա Նիկոլայ Օհանջանյանն էր:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Իսկ մահվան հանգամանքները կպարզվեն քննչական բաժանմունքում:
Տեղում էր նաև Նորամարգ համայնքի ղեկավարը՝ Սարգիս Գալստյանը և մահացածի հարազատներն ու գյուղացիները, ովքեր նույնպես օգնեցին դին ջրատարից դուրս բերելու ժամանակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com