Բաժիններ՝

Աստված մի արասցե՝ ծերացող «սորտ» դառնանք. դա կլինի այս նոր աշխարհում մեր վերջը, վերջակետը. Հայկ Սիրունյան

Ժամանակակից գրող, ստեղծագործող Հայկ Սիրունյանը առաջիկայում պատրաստվում է հրատարակել իր երրորդ ժողովածուն՝ բանաստեղծական շարքեր, որոնք գրեթե ավարտուն տեսքի են բերված: Ժողովածուում կան նաև ստեղծագործություններ, որոնք արդեն ընթերցողներին հայտնի են ու տարածում են գտել զանազան հարթակներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Սիրունյանն անկեղծացավ՝ բանաստեղծություններ է գրում դեռ մանկուց: Նա չի հերքում, որ գրելու շնորհը ժառանգել է հորից՝ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանից:

«Հայկը, ընդ որում Սիրունյան, մինչ օրս ինքն իր համար հանելուկ է: Եվ դա՝ բարեբախտաբար: Ես ինձ շարունակում եմ ճանաչել օրըստօրե, սակայն մի քանի բան հստակ է. ես մարդ եմ, ով գրականությունից բացի այլ ճշմարտություն չի ճանաչում, սիրում է կյանքը, ապրում է շտապելով՝ կյանքի ալեգորիկ «դրայվից» երբեմն խեղդվելով»,- ինքն իրեն բնութագրում է Հայկը:

Նրա կարծիքով՝ հայ ստեղծագործողին, կամ՝ մտածող մարդուն առհասարակ, պետք է հիմա անհանգստացնեն Հայաստանի պարանոցին ծանրացած խնդիրները․ «Մեզ համար ութերորդ աններելի մեղքն է անհաղորդ և լպիրշ հանդարտությամբ գոյություն քարշ տալը»:

«Ինչո՞ւ է գրում» հարցից երիտասարդ ստեղծագործողը անակնկալի է գալիս: Մի պահ մտածում է ու պատասխանում.

«Ավելի հեշտ կլինի պատասխանել, թե որոշ օրերի ինչո՞ւ չեմ գրում: Եթե անդադար հոսող ջուրը փորձես ամբարել մի տեղ՝ կճեղքվի: Ինչո՞ւ կճեղքվի, որովհետև կա ուժ եւ ճնշում… Գրելու համար շարժառիթներ չկան: Կա ազդեցություն, տարվածություն, եռանդ, ապրում, սեր, եւ ցնորական մի բան, որի անունը չգիտեմ, իսկ թվարկածս զգացումները չնչին աղերս ունեն դրա հետ: Գրելով ոչնչի չեն հասնում, բացի լավը կամ վատը գրող դառնալուց: Արվեստը էգոիստ է, միայն խլում է, փոխարենը մեզ մնում է սոսկ բավականություն, ուրիշ ոչինչ: Բայց, մի բան ասեմ՝ դա հրապուրիչ էգոիզմ է, արժե անձնատուր լինել դրան»:

Վերջերս նկատել է, որ իր ընթերցողները տարբեր տարիքի են: Շատերին հայտնի է միայն իր անունը, ոմանք էլ պարբերաբար փնտրում են, հետեւում եւ կարդում: Ընթերցողների հետ շփումն, ասում է՝ իրեն դուր է գալիս:

«Հետաքրքիր է նաև այն, որ երբեմն ինձ հարցնում են բաներ, որ գրելիս չեմ էլ նկատել. այսինքն, ընթերցողը տարվել է մի դրվագով, որն, անկեղծ ասած, գրողի մտքով չի էլ անցել»,-խոստովանում է նա:

Զրուցակիցս անգամ մտովի փորձում է պատկերացնել իր երեւակայական ընթերցողին․ «Ի՜նչ իմանամ, թե հիմա նա որտեղ է, ինչո՞վ է զբաղվում, եւ ի՞նչ է արդյոք մնացել վաղեմի թովչանքից»:

Հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում ստեղծագործող մարդու հետ այն դեպքում, երբ ազգի ներսում հոգեւոր եւ մտավոր ճգնաժամ է տիրում, պատասխանում է.

«Նույնը ճշտիվ արտացոլվում է գրականության մեջ. ստեղծվում է ստերջ ու սինթետիկ պատմությունների մի կույտ, որին գիրք են կոչում, որը ոչ այլ ինչ է, քան անաղարտ օֆսեթի պղծում: Այդպիսի գիրք-գրքույկները ժամանակի հեղեղատի հետ վերանալու են: Կա նաեւ հակառակ արտացոլումը. ժամանակի անհրապույր եւ դաժան լինելը մի աննկարագրելի ուժով ի հայտ է բերում ըմբոստ և հավերժական ստեղծագործություններ»:

Հայկ Սիրունյանի գրապահարանում կարևոր տեղ են զբաղեցնում Կաֆկան, Թոթովենցը, Ֆոլքները, Նարեկացին, Էքզյուպերին: Ինքն էլ սիրում է գրել շուրջը պտտվող ամեն ինչի մասին, ներսում «բզզացող անբառ «գոյացությունների» մասին»։

Ասում է՝ շատ գրքեր է նվեր ստանում, գրեթե ամեն օր: Փորձում է անընդհատ «աչքի տակ» պահել ժամանակակից գրականությունը, հետևել հոսանքին: Ներկա պահին կարդում է Հաֆեզ՝ ստանալով նույն էմոցիաները.

««Յարս մոգի մենաստանը մտավ գինու գավը ձեռին,

Ինքը գինով, գինովները՝ հարբած գինովն իր աչքերի»: Մոգական քնարերգություն չէ, բա ի՞նչ է:

Մեր մեջ ասած՝ ես այնքան էլ կողմնակիցը չեմ «լավատեսական» գրականության: Ստեղծագործական հորինումը միշտ չէ, որ պետք է կեղծ հուսադրող լինի: Մեր գրականության առջև ծառս եղած խնդիրների մասին բազմիցս խոսել եմ և՛ իմ հարցազրույցներում, և՛ հոդվածներում, և՛ առանձին ակնարկներում: Այդ խնդիրները շատ են, ինչպես որ շատ են «գրող» հորջորջվողները, որոնք ապրում են վարդագույն պարկուճի մեջ, և վախենամ՝ ցմահ չգիտակցեն, որ իրենց ստեղծածը ոչինչ չարժե»

Գրողի պատկերացումներում հայ մարդն Էպոսի հերոսի գույներ ունի. վստահեցնում է՝ մենք հիմա էլ ենք նման մեր էպոսին, ուղղակի չենք կենտրոնանում, գիտակցում ու ըմբռնում:

«Աստված մի արասցե՝ ծերացող սորտ դառնանք. դա կլինի այս նոր աշխարհում մեր վերջը, մեր վերջակետը:»,- նկատում է նա ու խոստովանում՝ հային ուզում է տեսնել իր արժեքները գիտակցող, իր հայրենիքի թուփն ու սարը ճանաչող, իր խոսքով՝ «չքոչող»:

Գրողի հետ խոսելիս չշրջանցեցինք նաև սիրո թեման «Սիրու՞մ եք» հարցին ի պատասխան՝ նշեց.

«Միշտ: Ինչ ինձ հիշում եմ՝ փոթորկումների մեջ եմ: Եվ միշտ սիրել և շարունակում եմ սիրել տարերայնորեն: Եթե տեսնեի անկատար սիրուն, կասեի, որ արժեր քամել այս կյանք կոչված լաթը, արժեր խարխափելով ծեփվել աշխարհի գորշ պատերին՝ հանուն քեզ տեսնելու այս վայրկյանի»:

Զրուցեց՝ Լիանա Սարգսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս