«Ջերմուկում հանգիստ է. քաղաքում օտարերկրյա զբոսաշրջիկներ կան, բայց ոչ այն քանակով, ինչ նախկինում». Ջերմուկի փոխհամայնքապետ

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով, Ջերմուկ քաղաքի բոլոր հյուրանոցներն այդ պահին զբաղված էին, հանգստացողների գերակշիռ մասն օտարերկրյա զբոսաշրջիկներ էին։ Ջերմուկի վրա թշնամու արձակած կրակոցներից անմիջապես հետո զբոսաշրջիկները հեռացել էին։ Այսօր հյուրանոցների որոշ մասը դատարկ է, թեպետ առողջարանային քաղաքի պատկան մարմինները հույս ունեն, որ այս առումով իրավիճակը կշտկվի։

168.am հետ զրույցում Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը ներկայացրեց այս պահին  Ջերմուկ քաղաքում իրավիճակը՝ կրակոցներ չկան։

«Ջերմուկում իրավիճակը հանգիստ է, թե ինչ է կատարվում դիրքերում՝ տեղյակ չեմ և իրավասու էլ չեմ պատասխանելու, հարցին կարող է պատասխանել միայն Պաշտպանության նախարարությունը։

Ջերմուկում բնակչությունը վերադարձել է բնականոն կյանքի»,- նշեց Վարդան Սարգսյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այս պահին քաղաքում զբոսաշրջիկների պակաս նկատվում է։ Այդուհանդերձ քաղաքում պատրաստվում են Նոր տարուն, արդեն զբաղված են Ջերմուկում զարդարանքով։

«Քաղաքում հիմա, իհարկե, օտարերկրյա զբոսաշրջիկներ կան, բայց ոչ այն քանակով, ինչ նախկինում։ Ամեն դեպքում սա մեր ցածր սեզոնն է, բայց հեռանկարում սպասվող ամրագրումներն այդքան էլ չեն ակտիվանում։ Ամանորյա ամրագրումներ կան, բայց կրկին քանակի խնդիր կա։ Այս հարցին վերջնական կարող ենք անդրադառնալ այդ օրերին»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ զբոսաշրջիկների ներկայությունը Ջերմուկում նաև տեղի բնակչության վրա հոգեբանական ազդեցություն է ունենում՝ անվտանգության առումով։

«Իհարկե, օտարերկրյա զբոսաշրջիկների ներկայությունը քաղաքում ոգևորում է տեղացիներին, ավելի ապահովություն է տալիս, դրական ազդեցություն ունենում ընդհանուր առմամբ»,- եզրափակեց Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու արդյունքում, թշնամու զինված ուժերը մի քանի ուղղություններով առաջ են եկել ու դիրքավորվել են, մասնավորապես՝ Ներին Հանդի, Խոզնավարի, Ջերմուկի ուղղություններով։ Ջերմուկի ուղղությամբ ներթափանցել էր նաև ադրբեջանական խումբ, որը, Վայոց ձորի մարզպետի խոսքով՝ իրենց տեղեկություններով՝ դեռևս այս տարածքում է, մինչդեռ ԳՇ պետը հավաստիացնում էր, որ այդ խումբը հեռացել է։

Տեսանյութեր

Լրահոս