44-օրյա պատերազմում զոհված Տարոն Գիվարգիզյանի ծնողներն աղջիկ են ունեցել
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Գիվարգիզյանի քույրը։ Ծնողները նորածնին անվանել են Լուսէ։
Նշենք, որ Տարոն Գիվարգիզյանը սեպտեմբերի 27-ին տեղեկանալով, որ պատերազմ է սկսվել, կամավորագրվել և Մասիվի ջոկատի հետ մեկնել էր առաջնագիծ։
«Մեկնելուց 1 օր առաջ երեկոյան եկավ տուն և հացը թողեց կիսատ, ափսեն հրելով՝ ասաց՝ կուլ չի գնում, տղաներն այնտեղ կռվում են, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում: Ասացի՝ Տարոն ջան, արի առավոտյան միասին գնանք արյուն հանձնենք, մեկ էլ դու ո՞նց կարող ես՝ ֆիզիկապես, հոգեպես, ֆինանսապես օգնես, պտտվեց և շատ խիստ հայացքով ասաց՝ մամ, կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ…»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր հերոսի մայրը՝ Լաուրա Սարգսյանը։
Տարոն Գիվարգիզյանը Մասիվի ջոկատի տղաների հետ զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին: Նա դեկտեմբերի 29-ին կդառնար 27 տարեկան։