«Շինարարական թույլտվություն ստանալու տեղական տուրքերի չափը 2-10 անգամ կբարձրանա». Տիգրան Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ ներկայացվող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների նպատակն անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է։

«Մենք մի շարք մոտեցումներ ենք քննարկել և կարծում ենք, որ միաժամանակ պետք է մի քանի կարգավորումներ վերանայվեն։

Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ, երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության կամ շենքի համար։ Հիշեցնեմ, որ այսօր ավարտվածության տարբեր աստիճաններից կախված նվազեցնող գործակիցներ կան, այդ գործակիցները շինարարական թույլտվության ժամկետն ավարտվելուց հետո այլևս չեն կիրառվի։

Կարդացեք նաև

Երկրորդ կարգավորումը. Գտնում ենք, որ այսօր այդ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են։ Օրինակ՝ Երևանում՝ ցանկացած գոտում, 5000 մետր շինարարության համար թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500.000 դրամ։ Այս առնչությամբ մենք առաջարկում ենք 2 կարգավորում, 1-ինն առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափերը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության, բարձրացումը կարող է կազմել 2-ից մինչև 10 անգամ։ Այսինքն՝ Երևանի 1-4-րդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար այլևս 1 քառակուսի մետրի հաշվով շինարարական թույլտվություն առաջին անգամ ստանալու տեղական տուրքը 5000 մետրի համար կկազմի ոչ թե 500.000 դրամ, այլ 5.000.000 դրամ։ Նախատեսում ենք նաև սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում, երբ 2-րդ կամ 3-րդ անգամ դիմեն ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ թույլտվությունը ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է․․․»;

Նախարարը հատուկ շեշտեց, որ այս փոփոխությունը Երևանում վերաբերելու է բոլոր տիպի շենքերի և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ, ինչպես նաև անհատական բնակելի տներ։ Իսկ ահա Երևանից դուրս վերաբերելու է բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին։ Խաչատրյանը նաև հավելեց, որ սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս