Իրանին չեն հետաքրքրում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները․ ԱԳ նախարար
Իրանին չեն հետաքրքրում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է Mehr-ը։
Նա հիշեցրել է, որ անցյալ ամիս այցելել է Հայաստան, իսկ հետո Հայաստանի վարչապետն այցելել է Թեհրան, ինչի կապակցությամբ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ անհամաչափ են արձագանքել այս այցերին։
«Մենք Ադրբեջանին և Հայաստանին համարում ենք Իրանի երկու հարևաններ և մեր հարաբերությունները մի կողմի հետ չենք կառուցում մյուս կողմի հաշվին»,- ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրների հետ հարևանության ու հարաբերությունների զարգացման քաղաքականությունը Իրանի առաջնահերթությունն է․ «Մեզ չեն հետաքրքրում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հողերը։ Բայց մենք կովկասյան տարածաշրջանի բոլոր դերակատարներին հստակ հասկացրել ենք, որ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի համապատասխան արձագանքին»: