«Մերսեդես» մակնիշի մեքենաներից գողություն կատարող տղամարդը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել:
Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:
Նրանց ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց։
Չարենցի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին հանցագործություն կատարած անձին, որը Ստեփանավան քաղաքի 50-ամյա բնակիչ է:
Նա ներկայացվեց Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ ձերբակալվածը օգոստոս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին Երևանի տարբեր փողոցներում կայանված «Մերսեդես» մակնիշի երեք ավտոմեքենայից ևս գողություն էր արել:
Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: