2023 թվականից սկսած բոլոր չափահաս քաղաքացիները պարտադիր հայտարարագիր կներկայացնեն
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված և համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե առաջարկվող նախագծով ինչպիսի լուծումներ են առաջարկել․
«Առաջարկում ենք 2023 թվականից սկսած 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից։ Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը։ Օրինակ՝ հարկային գործակալի կողմից, գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները, և այդ հայտարարագիրը նախնական տեսքով էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար»։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ հայտարարագրերի համակարգում ունենալու է նույնականացված հաշիվ և հարկային մարմնի կողմից տրամադրված տվյալներով հայտարարատուն մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ՝ գտնելու է իր համար նախալրացված հայտարարագիրը, ստուգելու է լրացված տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում կատարելու է փոփոխություններ կամ լրացումներ, ապա հաստատելու է հայտարարագրերի վերջնական տարբերակը։
«Հայտարարագիրը հայտարարատուի կողմից պետք է հաստատվի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը։ Նախատեսվում է հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ՝ ներդնել նաև խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով, որի շրջանակներում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ունենալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նա նաև հայտարարեց, որ այս համակարգի ներդրմամբ պարզեցնում են ՀՀ քաղաքացիների՝ արտերկրում ստացվող եկամուտների և դրանց վերաբերող հարկերի փաստաթղթերի պահանջը։
«Ուզում եմ պարզաբանել, թե սա ինչ է նշանակում։ Մեր գործող օրենսդրությամբ էլ կա պահանջ, որի իմաստը հետևյալն է, եթե Հայաստանում գտնվող քաղաքացին ստացել է այնպիսի եկամուտներ, որոնք Հայաստանից դուրս են և այդ եկամուտներից հաշվարկված և վճարված հարկերի մասին մեր հարկային մարմինները տեղեկացված չեն, ապա այդ եկամուտների համար Հայաստանում օրենքի պահանջով հաշվարկվում է որոշակի հարկ, սակայն այդ հարկը ենթակա է վճարման միայն այն դեպքում, երբ դրսում այդ եկամուտներից վճարված հարկն ավելի քիչ է եղել, քան Հայաստանում դրա նկատմամբ հաշվարկված հարկը։
Փաստաթղթավորման բարդությունը կայանում է նրանում, որ, երբ քաղաքացին այդ եկամուտները հայտարարագրում է, բայց գիտի նաև, որ այդ եկամուտներից հարկերը վճարված են դրսում, գործող օրենքը պահանջում է, որ բերի արտերկրում այդ ստացված եկամուտների հարկային մարմնի հաստատած տեղեկանք՝ հարկերի վճարման մասին։
Սա եղել է առանցքային հարցերից մեկը, դրա համար հարկ եմ համարում մանրամասն պարզաբանել։ Երբ գիտենք, որ օրինակ՝ ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ-ում ստացված եկամուտները իրենց երկրի օրենքի համաձայն՝ հարկվում են 30 տոկոս դրույքաչափով, նույն ժամանակ մեզ մոտ այդ եկամտի տեսակի համար սահմանված է 20 տոկոս դրույքաչափ, ինչը նշանակում է, որ, եթե հայտարարատուն հայտարարագրի, ապա այդ 20 տոկոսը վճարման ենթակա կլիներ, եթե չբերեր տեղեկանք Ռուսաստանի հարկային մարմնի կողմից հաստատված, որ աշխատավարձից կամ նման եկամտից հարկը պահված է եղել։
Մենք նախատեսում ենք մի անցումային ժամանակահատվածում՝ գալիք 5 տարիների ընթացքում, սահմանել, որ այդ տեղեկանքը ոչ թե կպահանջենք, այլ կենթադրենք ինքնաբերաբար, որ այդ տեղեկանքը տրված է։ Այսինքն՝ եթե այնտեղ սահմանված հարկի դրույքաչափն ավելի բարձր է, քան մեզ մոտ սահմանված հարկի դրույքաչափն է, ինչը նշանակում է, որ հայտարարագրման դեպքում, եթե տեղեկանքը բերեր, ոչ մի լրացուցիչ հարկային պարտավորություն չէր առաջանալու, ապա մենք միանգամից ասում ենք, որ գալիք 5 տարիների ընթացքում այդ հարցը չենք տալու, ասելու ենք՝ միայն ցույց տուր եկամտի ստացման աղբյուրը և այն երկրի նույնականացումը, որտեղից ստացված է եղել այդ եկամուտը։ Եթե տվյալ երկրի իրավակարգավորումներն ավելի բարձր դրույքաչափերն արդեն իսկ սահմանած են եղել, ապա մենք կասենք, որ այդ եկամտի նկատմամբ լրացուցիչ փաստաթղթավորման պահանջ չենք ներկայացնում։
Միաժամանակ տրամաբանական շեմ ենք սահմանել, թե ի՞նչ սահմաններում պետք է լինի այդ փաստաթղթավորման պահանջը պարզեցնելը, դա տարեկան 12.000.000 (տասնեկու միլիոն) դրամ կամ ամսական 1.000.000 (մեկ միլիոն) դրամ եկամուտներին համարժեք շեմն է, ինչը նշանակում է, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ, որոնք այդ սահմաններում որոշակի եկամուտներ են ստացել, այլևս ստիպված չեն լինի գնալ և հարկային մարմնի հաստատած տեղեկանքներ բերել իրենց եկամուտներից վճարած հարկը հաստատելու համար․․․»,- ասաց Տիգրան Խաչատրյանը, ապա հավելեց, որ այս համակարգը հիմքում նոր հարկեր առաջացնելու որևէ ենթադրություն չունի։
Ֆինանսների նախարարն ասաց, որ այս համակարգի ներդրումն իրականացվելու է 3 փուլերով, Առաջին փուլում 2023 թվականի համար նախատեսվում է հայտարարատու համարել հետևյալ քաղաքացիներին․
«Հանրային ծառայության օրենքի համաձայն զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ։
Երբ քաղաքացին հանդիսանում է բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները, շրջանառությունը 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1.000.000.000 (մեկ միլիարդ) դրամը, ապա այդ բաժնետերերը նույնպես հայտարարատու կհանդիսանան։
Այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացած կլինեն 20.000.000 (քսան միլիոն) դրամ և ավելի փոխառություններ, վարկեր։
Այն քաղաքացիները, որոնք այս պահի դրությամբ կամ 2023 թվականի դրությամբ հանդիսանում են մեր հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ։
Վերջին խումբը, այն քաղաքացիները, որոնք եկամուտներ են ստացել արտերկրից»։
2024թ. թվականի համար նախատեսվում է հայտարարատու համարել հետևյալ քաղաքացիներին․
«Բոլոր այն քաղաքացիներն են, որոնք առաջին խմբի մեջ չէին, բայց իրենք հանդիսանում են վարձու աշխատողներ մասնավոր հատվածի կազմակերպություններում կամ քաղաքացաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ»,- ասաց նախարարը։
Ներկայացնելով վերջին՝ երրորդ փուլը, Խաչատրյանն ասաց, որ 2025 թվականի համար կամ 2026 թվականի մինչև ապրիլի 20 հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն․
«Այսինքն՝ մենք 2025 թվականի արդյունքներով արդեն կարող ենք համարել, որ մեր համակարգում ներառված են բոլոր հայտարարատու քաղաքացիները»։
Տիգրան Խաչատրյաննը շեշտեց, որ հայտարարագիրը չներկայացնելու համար պատասխանատվություն են նախատեսում, նախնական՝ 20.000-300.000 դրամ տուգանք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում