Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին դադարեցնել սփյուռքում իրենց պառակտման քաղաքականությունը. Մուրադ Փափազյան

Երեկ Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք, առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում, վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ, առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը:

Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս պատմական բանաձևի ընդունմանը՝ նշեց, որ սենատորներն ընդունեցին հարձակման ենթարկված Հայաստանին և ագրեսոր Ադրբեջանին սատարող բանաձև՝ կրկին պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:

«Պայքարը շարունակվում է. նմանատիպ բանաձև պատգամավորների քվեարկությանը կներկայացվի նոյեմբերի 28-ին,- մանրամասնեց Մուրադ Փափազյանը՝ նկատելով, որ այն ողջ Հայոց աշխարհի հաղթանակն է,- Դա հաղթանակ է, որը CCAF-ի կազմում խմբավորված Ֆրանսիայի հայկական սփյուռքի միության արգասիքն է։ Միասնությունն է երաշխավորում մեր հաղթանակները, և ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել սփյուռքում իրենց պառակտման քաղաքականությունը։ Դիմում եմ պատասխանատվության»:

Ի դեպ, Արցախի Հանրապետության արտգործնախարարությունն արձագանքել է այս բանաձևի ընդունմանը:

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։

Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։

Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։

Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանն անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։

Նման բովանդակությամբ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ աներկբա և սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս