Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին կցուցադրվի 33 ֆիլմ
Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Հինգերորդ կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնը բաղկացած է միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից: Մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում:
Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներում:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է:
Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել է 33 ֆիլմ՝ 10 երկրից, որից 18՝ ազգային ծրագրում, իսկ 15՝ միջազգային ծրագրում:
Փառատոնն անցկացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ծրագրին և միջոցառումներին հնարավոր է ծանոթանալ փառատոնի «Ֆեյսբուք»-ի էջից: