Վահագն Խաչատուրյանն ի պաշտոնե զերծ է մնում որևէ իրավական գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններ հնչեցնելուց. պարզաբանում են ՀՀ նախագահականից

hetq.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր՝  Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

«Հետքի» «5655 դոլար. սեփականաշնորհում՝ ջրի գնով» ծավալուն հետաքննության համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։

Ալբերտ Սուքիասյանը պատգամավորի հայրն է։ Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո, այն չի ծառայել իր նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։

Հիշեցնենք, որ այդ հրապարակումից հետո «Խաչատուր Սուքիասյանն ու բոլոր-բոլորը» բոլորին վստահեցրին՝ իրենց համոզել ու խնդրել են այդ շենքը գնել: Սուքիասյաններին ուղղված սեփական խնդրանքի մասին բարձրաձայնեց նաև Վահագն Խաչատուրյանը:

«Շատերին եմ խնդրել։ Ցավոք սրտի, արձագանքողները քիչ են եղել։ 95 թվականի, 94 թվականի, 93 թվականի Երևանում ներդրում անողների թիվն անսահման փոքր էր, զրո։ Կուզեմ, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույքեր»,- ասել էր նա:

Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը, մինչ նախարար նշանակվելը, 2019-2021 թթ․ Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի անդամ է եղել։

168.am այսօր արդեն ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին «Սիլ պլազա»-ի ոդիսականի առնչությամբ մի քանի գրավոր հարցադրումներ է ուղղել՝ հետաքրքրվելով.

1. Սպասելի՞ էր արդյոք այս գործարքի առնչությամբ իրավական պրոցեսի մեկնարկը,

2. Կա՞ն արդյոք իրավական հիմնավորումներ և պահպանված փաստաթղթեր առ այն, որ օտարման գործընթացը կատարվել է տվյալ ժամանակաշրջանում գործող օրենքի շրջանակներում,

3. Եղե՞լ է արդյոք այդ տարիներին որևէ պետական կառույցի օտարման գործընթացը կարգավորող օրենսդրություն:

4. Եթե անհրաժեշտություն ծագի, պատրա՞ստ է իր հիմնավորումները ներկայացնել նաև դատարանում:

Ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել էին, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի, իսկ հետագայում էլ Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ իրավական, արխիվային կամ այլ բնույթի փաստաթղթերի առկայության կամ բացակայության մասին տեղեկատվության տնօրինողը Հանրապետության նախագահի աշխատակազմը չէ:

Մյուս հարցադրումների առնչությամբ էլ բավարարվել էին հերթապահ ձևակերպմամբ. «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ի պաշտոնե և իր սահմանադրական լիազորությունների շրջանակում զերծ է մնում որևէ իրավական գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններ, պարզաբանումներ կամ գնահատականներ հնչեցնելուց, որոնք կարող են որևէ կերպ ազդել այդօրինակ գործընթացների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս