Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ քահանայապետական Scholas Occurrentes հիմնադրամի կողմից։ Խաղից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, մրցույթի կազմակերպիչներին և նրանց ընտանիքներին։

Նշվում է, որ խաղին մասնակցել են ֆուտբոլային աշխարհում հայտնի անուններ։ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։

Կարդացեք նաև

Այս անգամ այն յուրահատուկ հարգանքի տուրք է երջանկահիշատակ ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին, ով եղել է «Հանուն խաղաղության» մրցույթի կազմակերպման համակիրներից ու ջատագովներից մեկը։

Ընդունելով ֆուտբոլիստներին, որոնց թվում է եղել նաև Հենրիխ Մխիթարյանը, Հռոմի Պապն ընդգծել է, որ նրանք «խաղաղության փոքր սերմեր են պատերազմի ու կործանման աշխարհի մեջ, որտեղ ամենամեծ ներդրումները զենքերի գործարաններում են լինում»։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնք եկել են տարբեր հեռավոր վայրերից, որպեսզի հանուն խաղաղության մեկ խաղ անցկացնեն։

«Սրանք փոքր քայլեր են, բայց խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,- ասել է Հռոմի Պապը։

Մարզիկները Հռոմի Պապին մոտենալու, նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել՝ նրան հանձնելով զանազան նվերներ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը նրան նվիրել է իր մարզաշապիկը։

Տեսանյութեր

Լրահոս