Նախորդ իշխանություններն այդ սխալը թույլ չէին տա, պատերազմի ու աղետի հավանականությունն էապես քիչ կլիներ. Վադիմ Դուբնով

«Ելնելով իր քաղաքական գոյատևման նկատառումներից, Փաշինյանը հասկանում է, որ Ղարաբաղը չի պահի»,- 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Эхо Кавказа»-ի ռուս  քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով Ռուսաստանում և Արևմուտքում հայ-ադրբեջանական բանակցություններին, Արցախի կարգավիճակի հարցին, հայ-ռուսական հարաբերություններին և Ռուբեն Վարդանյանի նշանակմանն Արցախի պետնախարարի պաշտոնում:

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից երկու տարի անց կողմերը գտնվում են իրենց ճանապարհի սկզբում, այս երկու տարին օգտագործելով զրոյական ցիկլի վրա, դիրքորոշումների համաձայնեցման փորձերի համար ձևակերպեցին այն դիրքորոշումները, որոնք կան, և որոնցից պետք է սկսել բանակցությունները, քանի որ այս երկու տարին եղել է փակ շրջանով ընթացք, որում ոչ ոք մեղավոր չէ, դա լիովին օբյեկտիվ, բնական իրավիճակ է:

Ըստ նրա, մինչև տարեվերջ կողմերը Խաղաղության համաձայնագիր չեն ստորագրելու:

Վադիմ Դուբնովը խոսեց ՀՀ նախորդ իշխանությունների, իր կարծիքով, սխալների մասին, սակայն ասաց, որ իրենց բոլոր թերություններով հանդերձ՝ նախորդ իշխանությունները նման սխալ թույլ չէին տա, ու նրանց օրոք ոչ թե պատերազմ չէր լինի, այլ դրա հավանականությունն ու աղետի հավանականությունն էապես քիչ կլիներ:

Եվ այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից առաջ ու արդեն պատերազմի ընթացքում, Դուբնովի խոսքով, իրավիճակը դարձրին ճակատագրական Հայաստանի համար:

Հարցին, թե ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում, և ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, Դուբնովը պատասխանեց, թե կարող է միայն ենթադրել, թե ինչ է անում Փաշինյանը։

«Ինձ թվում է, որ Փաշինյանը վաղուց հասկանում է իր հնարավորությունների իրական վիճակը, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։ Նա հասկանում է Ղարաբաղի գինը Խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարի հարցում: Ես կարծում եմ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը նրա համար այդքան էլ կարևոր բան չէ, կարծում եմ, որ հոգու խորքում, քաղաքական հոգու խորքում, ելնելով իր քաղաքական գոյատևման նկատառումներից, Փաշինյանը հասկանում է, որ Ղարաբաղը չի պահի: Թեստային ռեժիմով նա այս հարցի վրա աշխատեց ամռանը, եթե չեմ սխալվում, երբ ասաց, որ պետք է նշաձող իջեցնել»,- ասաց Դուբնովը:

Նա մանրամասն խոսեց այն մասին, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Արցախը: Դուբնովը հակված է կարծել, որ բանակցությունների արդյունքում Ղարաբաղը կունենա այն կարգավիճակը, ինչ ԽՍՀՄ տարիներին: Սակայն դա ևս բարդ սցենար անվանեց՝ դժվարանալով ասել, թե որքան մարդ կմնա և կհամակերպվի ապրել Արցախում Ադրբեջանի դրոշի ներքո:

Նա ասաց, որ Ռուբեն Վարդանյանի նշանակման հարցում Մոսկվան ստացել է Բաքվի, եթե ոչ համաձայնությունը, ապա՝ ագրեմանը:

Դուբնովի տպավորությամբ, Փաշինյանի խաղն է՝ երկարաձգել որոշումները և՛ Ղարաբաղի, և՛ կոմունիկացիաների հարցում:

«Այստեղ կան ռիսկեր, քանի որ միակ բանը, որը Բաքուն կարող է հակադրել դրան, նոր Վարդենիսն է, նոր Ջերմուկը կամ նոր Փառուխը»,- ասաց Դուբնովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս