Սերժ Սարգսյանը կտրուկ մերժել է Գարո Փայլանին․ Aravot.am

Համահայկական գագաթաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանն, ինչպես հայտնի է, տարբեր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարների հետ:

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Գարո Փայլանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Մասնավորաբար, Գարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»:

Սերժ Սարգսյանը նաեւ հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի եւ Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջեւ որեւէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է:

Թուրքական խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյան-Գարո Փայլան զրույցի մի մեծ մասն էլ նվիրված է եղել «խաղաղության համաձայնագրին»:

Սերժ Սարգսյանը հստակեցրել է իր մոտեցումները նաեւ այս հարցում՝ ասելով, որ համաշխարհային պատմության մեջ հայտնի չէ դեպք, երբ խաղաղություն են կնքում խաղաղություն խնդրողի հետ. այդ դեպքում կնքվում է կապիտուլյացիա. «Խաղաղություն կնքում են ուժեղի հետ, հետեւաբար, խաղաղության այս թեզերը կեղծ են եւ որեւէ իրական քաղաքական ու աշխարհաքաղաքական հիմքեր չունեն»:

Aravot.am-ն այս ամենի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւ ՀՀԿ-ից: Թե առաջին, թե երկրորդ կառույցներում ոչ հաստատեցին, ոչ հերքեցին այս տեղեկությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս