ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 309 միլիոն 24 հազար դոլար:
Նկատենք, որ, օգոստոս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 17 միլիոն 832 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերին տրանսֆերտները շարունակել են այս տարվա օգոստոս եւ հուլիս ամիսների համեմատ աճել, բայց հունիս ամսվա համեմատ՝ այն զգալի նվազել է:
Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 377 մլն 916 հազար դոլար։ Այն, օգոստոս ամսվա համեմատ, 81 մլն 167 հազար դոլարով ավելացել է: Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Մյուս կողմից, պակասել է ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. եթե այս տարվա օգոստոսին այն կազմել է 33 մլն 293 հազար դոլար, ապա սեպտեմբերին դարձել է 22 մլն 614 հազար դոլար»: