Դավիթ Տոնոյանի մերձավոր հարազատներն արդեն կարող են տեսակցել նրան
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց մասով հերթական նիստն է:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ նախորդ նիստի ընթացքում դատարանը որոշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարի՝ մերձավոր ազգականների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված սահմանափակումը վերացնել:
Ինքը՝ Դավիթ Տոնոյանը, կամ նրա փաստաբանական թիմը նման միջնորդություն չի ներկայացրել, այսինքն՝ սա դատարանի նախաձեռնությունն է:
Նշենք, որ այս իրավունքից կօգտվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ում փաստաբանական թիմը նման միջնորդություն էր ներկայացրել, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների վրա դրված սահմանափակումը, սակայն, կպահպանվի, քանի որ դատարանն այստեղ ազդեցության առումով ինչ-ինչ ռիսկեր է տեսնում:
Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական թիմը հասնելու է նաև այս արգելքի վերացմանը:
Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ Վերաքննիչ դատարան են դիմել՝ բողոքարկելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվեց փոխել կալանքի տակ գտնվող Տոնոյանի խափանման միջոցը՝ 35 միլիոն դրամ արժեքով նրա բնակարանի գրավադրման դիմաց: