«Գնդակն ընդդիմադիր ուժերի դաշտում է. բանալին սա է». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ պետք է ի սկզբանե արձանագրել մի փաստ՝ գտնվում ենք շատ լավ մտածված քարոզչական աշխատանքի թիրախում:

«Մեր հոգեկան աշխարհի հետ խաղալու համար դեռ 4 տարի առաջ էին սկսել նախապատրաստական աշխատանքներ տանել, իսկ այդ չարաբաստիկ 2018թ. հետո շատ ավելի ինտենսիվ կերպով քարոզչական աշխատանք է գնում: Այն, ինչ տեղի է ունենում, օրինակ՝ բուհերի հետ, նույնպես այնպիսի մի հարված է, որ եթե ուրիշ հարված չլիներ էլ, սա ցնցող հարված է: Տեսեք՝ ինչքան են ուժգնանում իրար հետ զուգահեռաբար մեզ հասցվող հարվածները, որ մեկի ազդեցության տակ մյուսից կարող է որոշ ժամանակով ուշադրությունը շեղվել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ բանականությանն ուղղված կոչերն արդյունավետ չեն:

«Բանականությանն ուղղված կոչերը քարոզչություն համարել չի կարելի: Եթե դու տրամաբանական փաստարկներով խոսում ես, բանականության կոչ ես անում, դա քարոզչություն չէ, դա կարելի է անվանել լուսավորչական աշխատանք: Բայց միշտ չէ, որ դա ընկալելի է մարդկանց լայն շերտերի համար՝ նկատի ունենալով մարդկանց մտավոր տարբեր կարողությունները, գիտելիքների մակարդակը և այլն: Այս իմաստով, մեզ մոտ այս 4 տարում հակաքարոզչություն չի եղել: Եթե բանականությանն ուղղված կոչերն արդյունավետ չեն, ուրեմն ի՞նչ անել: Բանից պարզվում է, որ շատ ավելի արդյունավետ են այն ազդեցությունները, որոնք ուղղված են մարդու զգացմունքային, հուզական աշխարհին: Այստեղ շատ ավելի արագ արդյունքներ ենք ստանում մարդկանց դիրքորոշումների փոփոխության տեսակետից, վարքի փոփոխության տեսակետից, ընդ որում՝ նույն քարոզչական այս մոտեցումները կարելի է կիրառել շատ բարձր ու լավ նպատակների համար, և հակառակը՝ ամենաստոր նպատակների համար: Հիմա մենք ամենաստոր քարոզչության թիրախում ենք գտնվում և, ըստ էության, չունենք հակաքարոզչություն»,- ընդգծեց նա:

Կարինե Նալչաջյանը հիշեցրեց օրեր առաջ Աննա Հակոբյանի «Հայ կանանց մեռելային լռությունը» հոդվածը՝ ընդգծելով, որ առանց կոնսուլտանտի հնարավոր չէ նման հոդված գրել.

«Թիրախավորված էին մեր խորքային արժեքները: Այո, հայ մայրը առյուծածին է, ոչ թե՝ սողունածին: Մեղքի զգացում էր փորձում արթնացնել հոդվածով: Վարչապետի կինն ասում է, որ գտել է տարածաշրջանում խաղաղության բանալին, ու մնացել է, որ հայ կինն իրեն արձագանքեր, որ ինքն այդ բարի նպատակին հասներ, մի հատ էլ Ադրբեջանի բռնապետական ռեժիմն էլ էր ուզում ոչնչացել այդ ընթացքում: Այսինքն՝ տրամաբանության տեսակետից անհեթեթություն է, բայց կարող է որոշակի շերտերի վրա ազդել, օրինակ՝ մեղքի զգացում առաջացնել: Իսկ ուժեղ արտահայտված մեղքի զգացումը նևրոտիկ զգացում է: Հասարակությունը նևրոտիկ վիճակում պահելու շատ լավ զենք է, եթե դու մեղքի զգացում ես արթնացնում, մի ձեռքով էլ պառակտում ես:

Ես սրանց վարքում, գործողություններում ու արժեքներում տեսնում եմ նեկրոֆիլիա, այսինքն՝ սեր, ձգտում դեպի մահը, արյունը: Դա երևում է նաև նրանից, որ իրենց իշխանավարման ընթացքում այսքան արյուն հոսեց (հայրենիքի կորուստը նույնիսկ մի կողմ թողնենք, միայն արյան մասին խոսենք), բայց բացարձակ չկա մեղքի զգացում, պատասխանատվության զգացում: Հասկանո՞ւմ եք՝ խոսում է կինը, մայրը, և ինքն ընդհանրապես իրեն մեղավոր չի զգում, ընդհակառակը՝ ամբողջ պատասխանատվությունը հայ կնոջ, հայ մոր վրա է գցում: Սա նորից մի տարանջատում է, նորից մի բաժանում հասարակության մեջ»:

Հոգեբանի դիտարկմամբ՝ հասարակության ճնշող մեծամասնությունը հասկացել է՝ որտեղ է հայտնվել, ինչ ծուղակի մեջ, ինչ արհավիրքներ են իր հետ տեղի ունեցել և դեռ տեղի են ունենալու.

«Ուղղակի հասարակությունը հենց այնպես չի կարող միավորվել, հասարակությանը միավորել է պետք: Քաղաքական, մտավորական էլիտան պետք է համախմբված լինի: Եթե մենք ունենանք համախմբվածություն էլիտայի շրջանակներում՝ ցանկացած ամբիցիա, վախեր, տագնապներ մի կողմ թողնելով… մյուս կողմից, հասկանում եմ, որ այս իրավիճակում պատասխանատվություն վերցնելը շատ բարդ բան է, և մենք նաև մարդկայնորեն հասկանում ենք, որ առաջ չեն գալիս այն առաջնորդները, որոնք ինքնամոռաց ձևով, նույնիսկ ինքնազոհաբերման պատրաստ կնետվեն առաջ: Բայց բանալին սա է: Պետք է քաղաքական, ինտելեկտուալ վերնախավը համախմբվի և ճիշտ աշխատի: Ասում ենք՝ մարդիկ թմբիրի մեջ են, պետք է զարթնեն և այլն, բայց այս կոչերն արդյունավետ չեն, պետք է ճշգրիտ աշխատել»:

Կարինե Նալչաջյանը շեշտեց. «Եթե իրավիճակը չփոխվի, մեր հայրենիքի վերջն է գալու: Ես այդքան վատատես չեմ, ուղղակի մտածում եմ, որ պետք է կարողանանք հեղեղի նման սրբել-տանել այս աղտեղությունը, որով լցվել է մեր երկիրը, այս ամբողջ գործակալական ցանցը, որ աշխատել է և շարունակում է աշխատել: Մեր ժողովուրդը իր զավակներին, իր հայրենիքը սիրող ժողովուրդ է: Որ նայում ենք՝ նույնիսկ այդ գործակալները, դավաճանության մեջ խորացածները կամ դրանց ծառայողները հայրենասիրության անվան տակ են խոսում: Բայց շատ նուրբ կետերին հարվածող քարոզչությունը, բոլոր դեպքերում, հասնում է իր նպատակին: Մարդիկ տեսնում են, որ այս պահին Երևանի երկնքում բայրաքթարներ չկան, կրակոցներ չեն լսվում, ասում են՝ լավ, թեկուզ այսպիսի խաղաղություն լինի, բայց թշնամին գալու է: Թուրքերի համար աստեղային ժամ է, իրենք հասնում են այն նպատակներին, որոնք ունեին: Այսպիսի դեպքերում հասարակական կոնֆորմիզմ է լինում: Մյուս կողմից մտածում ես՝ լավ, բա մարդիկ ի՞նչ անեն: Կյանքն իր հունով գնում է, ուղղակի պետք է մարդկանց կազմակերպել ճիշտ քարոզչությամբ, թիրախն ուղղելով դեպի մարդկանց զգացմունքային աշխարհը, և միայն այդպես մարդիկ կարթնանան, և այնպես կարող են միավորվել, որ մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնի: Գնդակն ընդդիմադիր ուժերի դաշտում է, ուղղակի պետք է ճշգրիտ աշխատել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս