Ի՞նչ գործ ունի մարդասպան Սաֆարովին արտահանձնած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցի սեղանին

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։

Հայաստանի Հանրապետության համար այս գագաթնաժողովն առանձնահատուկ նշանակություն է ստացել, քանի որ կուլիսներում նախատեսվում են միջոցառմանը մասնակցող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԵՄ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, այսինքն՝ քառակողմ հանդիպում:

Մինչ այդ հանդիպումները տարածվել էին լուսանկարներ գագաթնաժողովի կուլիսներից, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեղանի շուրջ շփվում են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների, ԱԳ նախարարների հետ: Լուսանկարներում երևում է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Կարդացեք նաև

Վիկտոր Օրբանը, հիշեցնենք, Հունգարիայի այն վարչապետն է, ով 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին 8 տարի անց՝ 2012թ. օգոստոսի 31-ին, էքստրադիցիայի է ենթարկել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:

«Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ»,- նույն օրը Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաև նշել էր, որ իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար:

«Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը»,- ասել էր նախագահ Սարգսյանը՝ խորհրդակցության մասնակիցներին  խնդրելով ամենաշտապ կերպով փոխանցել իր այս անձնական ուղերձն իրենց պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին:

Նույն օրը ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտգործնախարարությունը՝ փոխանցելով, որ տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` պաշտոնական Երևանի որոշման մասին:

«Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու և արդարացնելու մասին: Հունգարիայի կառավարությունը չէր կարող իրազեկ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետևանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը: Հունգարիայի կառավարությունը, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Այս պահին փաստորեն փաստացի կասեցված դիվանագիտական հարաբերությունների պայմաններում Ալիև-Փաշինյան-Արարատ Միրզոյան և առավել ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ սեղանի շուրջ տեսնում ենք Վիկտոր Օրբանին:

Հետաքրքիր է՝ ի՞նչ հարց էր հընթացս ուզում լուծել Ալիևը. միգուցե նաև Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հանձնարարությո՞ւնն էր տալիս Փաշինյանին, որ իր ընկեր ու գործընկեր Վիկտոր Օրբանի վրայից հանի 10-ամյա վաղեմության միջազգային սկանդալի բիծը:

Տեսանյութեր

Լրահոս